Գրիպի համաճարակային իրավիճակը Հայաստանում լարված չէ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առումով ներկայումս համաճարակային իրավիճակը լարված չէ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, եվրոպական տարածաշրջանի երկրներում այսօր շրջանառվում են գրիպի Ա և Բ տեսակները: Վիրուսաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծությունը վկայում է, որ հետազոտված դեպքերի 96% -ում արձանագրվում է գրիպի Ա տեսակը: Նշված հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Իրականացված հետազոտությունների արդյունքում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Գրիպից կամ սուր շնչառական վարակներից զերծ մնալու համար Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել հիվանդների հետ շփումներից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, չզբաղվել ինքնաբուժմամբ, օգտագործել հնարավորինս շատ հեղուկ: