Տնտեսվարողների շրջանառությունը կփոխանցվի ՀԴՄ-ներին
Հայաստանում հաշվառված 63729 տնտեսվարող սուբյեկտներից 1100-ը 2013թ. հունվարի 1-ից պետք է կիրառեն նոր տեխնիկական չափանիշներով ընդհանուր առմամբ 8400 հաշվիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ)։
Այսօր կառավարության նիստից հետո ՀԴՄ-ին վերաբերող կառավարության որոշման նախագծի մանրամասները լրագրողներին ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով՝ նոր սարքավորումների գինը կարող է կազմել մինչև 180 հազ. դրամ։ «Նոր ՀԴՄ-ն պետք է լուծի ֆիսկալ հասույթների պաշտպանվածության խնդիրը, այսինքն ունենա ներքին հիշողություն: Այն պետք է նաև հնարավորություն տա գործարքներ կատարել պլաստիկ քարտերով»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ առաջարկն անում են՝ ելնելով ՊԵԿ կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում արձանագրված արդյունքներից:
«ՊԵԿ-ի կողմից կատարված օպերատիվ ստուգումներն ու չափագրումները ցույց են տալիս, որ տնտեսվարողի կողմից ներկայացվող շրջանառությունը չի համապատասխանում իրական ծավալներին»:
Հիշեցնենք, որ ՀԴՄ-ները պետք է հնարավորություն ունենան օրական դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել հարկային մարմիններին։ Իսկ տեխնիկական պահանջները, որոնք գործող օրենսդրությամբ սահմանված էին, համահունչ չէին նոր սարքերին ներկայացվող պահանջներին:
«Փաստինհոյի» հարցին, թե որքանո՞վ կավելանան նոր ՀԴՄ-ների սպասարկման ծախսերը, Միրումյանը պատասխանել է, որ դրանք չեն տարբերվի ներկայում գործող սպասարկման վճարներից։ Ամսական ծախսը ներկայում կազմում է 1000-2000 դրամ։
Ըստ ՊԵԿ-ի նախագահի տեղակալի՝ 2013-ի հունվարի 1-ից նոր ՀԴՄ-ները պետք է ներդրվեն ամսական հարկ վճարողների համար, 2014թ.՝ եռամսյակային հաշվետվություններ ներկայացնողների, իսկ 2015թ.՝ արդեն բոլոր հարկ վճարող տնտեսավարողներին համար:
«Փաստինֆո»