Բաժիններ՝

Որտե՞ղ է արջ որսում Վարդան Ղուկասյանի որդին

Օգոստոսի 24-ին Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վեճ-վիճաբանության և հնչած կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է:

Անցած մեկ ու կես ամսվա ընթացքում նախաքննական մարմնի իրականացրած աշխատանքների արդյունքում գործով երկու մեղադրյալներ են ձերբակալվել, ևս 5 հոգի գտնվում են հետախուզման մեջ` այդ թվում Գյումրու նախկին քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը և նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիմակիցներից Էդգար Մկրտչյանը, ով, հիշեցնենք, ընտրվեց Գյումրու ավագանու անդամ:

Կրակոցների գործով զբաղվող քննիչ Արտյոմ Օվսյանն այսօր galatv.am-ին հայտնել է, որ նշանակվել է փորձագիտական քննություն, որի արդյունքները շուտով պարզ կդառնան նախաքննական մարմնին: 2 հոգի կալանավորված են, 5-ը հետախուզվում են, նախաքննության գաղտնիությունից ելնելով անուններ չենք հրապարակում, նախաքննությունը շարունակվում է, և սպասենք փորձաքննության արդյունքներին,- հայտնել է գործով զբաղվող քննիչ Արտյոմ Օվսյանը:

Նա galatv.am-ին փոխանցել է նաև, որ եթե անգամ փորձաքննության արդյունքների հրապարակման ժամանակ մյուս 5 հետախուզվողները չներկայանան ոստիկանություն, ապա մյուս երկու կալանավորված մեղադրյալների գործը կտեղափոխվի դատական հարթություն:

«Բոլորն էլ փնտրվում են, եթե  գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենանք, ոստիկանությանը կհայտնենք, ավելի կոնկրետ ՀՀ ոստիկանության  հետախուզության բաժին»,- նշել է Արտյոմ Օվսյանը:

Իսկ հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերջերս արած այն հայտարարությունը, թե Սպարտակ Ղուկասյանը մեկնել է արջ որսալու, Ձեզ հայտնի չէ՞, թե նա որտեղ է որսորդությամբ զբաղվում, քննիչ Արտյոմ Օվսյանը պատասխանել է. «Մենք այլ մարդկանց ասածները չենք մեկնաբանում, առաջնորդվում ենք օրենքի տառով, այդքանը միայն կարող եմ ասել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս