Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

«Հարսնաքարի» գործով մեղադրյալների պաշտպաններն այսօր դատական նիստի ընթացքում հայտարարեցին, թե Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի ներկայացրած միջնորդությունների մեծ մասը պետք է մերժել: Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ ինքը միանում է Տիգրան Եգորյանի այն միջնորդությանը, համաձայն որի՝ անհրաժեշտ է ներկայացնել կենսաբանական, մասնիկաբանական  փորձաքննություն: Այժմ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` միջնորդության մասին որոշում կայացնելու համար:

Նշենք, որ «Հարսնաքարի» գործով մեղադրյալների պաշտպանները ներկայացրել էին միջնորդություն այն մասին, որ իրենց պաշտպաններին այլևս չտեսանկարահանեն: Ըստ նրանց՝ դրանով խախտվում է իրենց պաշտպանյալների անմեղության կանխավարկածը: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ ելնելով  դատավարության հրապարակայնությունն ապահովելու  դրույթից:

Դատական նիստին միացել է նաև տուժող Արտակ Բայադյանը: Վերջինս շարունակում է պնդել, որ միջադեպի մասնակիցները 15 հոգի են եղել:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետևանքով, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը` հունիսի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից ևանզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), և 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):

Տեսանյութեր

Լրահոս