«Հարսանքարի» գործով դատական նիստը շարունակվում է
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը:
Այսօր դատարանում քննարկվում է Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի կողմից նախորդ դատական նիստում ներկայացված միջնորդությունները: Մեղադրյալների պաշտպանները դատարանում հայտարարել են, որ պետք է Եգորյանի միջնորդությունների կեսը մերժել, իսկ մյուս մասն էլ հետաձգել: Այս պահին մեղադրյալների փաստաբանները 30 րոպե ժամանակ են խնդրել դատարանից, որպեսզի հստակեցնեն իրենց տեսակետը:
Հիշեցնենք, որ Տիգրան Եգորյանը հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ միջնորդություն էր ներկայացրել դատարանին` որպես ապացույց գործին միացնել մասնակիցների հագուստները, ինչպես նաև պետք է կատարել տեսաձայնագրման պրոցեսորի կրկնակի հետազոտություն: Ըստ նրա` «Հարսնաքարի» համալիրի աշխատակիցների ցուցմունքները ցույց են տալիս, որ վերջիններս գործով մեղադրյալներին չեն ճանաչում որպես «Հարսնաքարի» աշխատակիցներ: Եգորյանը ենթադրում է, որ գործով մեղադրյալները Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներն են, ոչ թե «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցները: Եգորյանը դատարանում նաև հայտարարեց, թե «Հարսնաքարի» աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը հետին թվով են: Ուստի նա պահանջեց ձեռք բերել «Հարսնաքարի» անձնակազմի բոլոր փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետևանքով, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը` հունիսի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից ևանզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), և 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):