Մանվել Ղազարյան. Մեր սպասումները դեռևս չեն արդարացվել
«Կան խնդիրներ, բայց, միևնույն ժամանակ, կարող ենք ասել, որ դրանք նաև չկան: Նախորդ տարիների համեմատ մեր ընկերության կողմից իրացման ծավալները փոքրացել են: Համաշխարհային ճգնաժամի պատճառով առաջացած խնդիրները և ռուսական շուկայում մեր գործընկերների լիցենզիաների հետ կապված հարցերը, մեր համագործակցությունները ժամանակավորապես դադարեցին, սակայն մենք դեռ հույս ունենք, որ իրացման ծավալները կբարելավվեն,ճարել և մենք կկատարենք մեր ամենամյա մթերումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վեդի Ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչ գնով է ընկերությունը խաղող մթերում, Ղազարյանը պատասխանեց. «Մենք այժմ մթերում ենք 1 կգ-ը 220 դրամով: 1999-ին մթերել ենք 90 դրամով: Տարի է եղել, որ մենք 350 դրամով խաղող ենք մթերել: Այս տարի նախորդ տարիների համեմատ՝ բերքը շատ է: Սակայն իրացման ծավալներն են նվազել: Հնարավոր է՝ գինն ընկնի, բայց այս տարի որոշվեց, որ 220 դրամով մթերվի ամբողջ խաղողը: Խոսքը միայն Արենի խաղողի մասին չէ, այլ խաղողի բոլոր տեսակների: Արդեն 650 տոննան մթերել ենք: Անցած տարի 1200 տոննայի չափով խաղող ենք մթերել: Մենք ունենք մեր այգիները, որտեղ մշակում ենք Արենի և այլ տեսակի խաղողներ, սակայն, անկախ ամեն ինչից, մթերում ենք գյուղացիների աճեցրած խաղողը: Գյուղացու հետ համագործակցությունը 10 տարուց ավելի է: Տարի է եղել, երբ խաղողի մթերման համար մրցույթ է հայտարարվել, սակայն մեր գործընկերները միայն մեզ են հանձնել մթերվող բերքը»,- մեկնաբանեց Մ.Ղազարյանը:
Ընկերության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ իրենց ընկերության արտահանման ծավալները 50%-ով կրճատվել են, սակայն տեղական ծավալները պահպանվել են նախորդ տարվա ցուցանիշների համեմատ: «Մենք համագործակցում ենք ռուսական, ամերիկյան շուկաների հետ: Աշխատում ենք նաև Գերմանիայի հետ: Ցանկություն ունենք գոնե մեկ կոնտեյներ արտահանել այնտեղ: Մերձբալթյան երկրներ այս տարի դեռևս չենք արտահանել: Ցավոք սրտի, մեր սպասումները չեն արդարացվել: Ինչ վերաբերում է մթերվող խաղողի համար գյուղացուն վճարելուն, ապա դա անպայման տեղի կունենա ամենաուշը մեկ ամսվա ընթացքում: Մեր ընկերության կողմից իրականացվող մթերման աշխատանքները դեռևս շարունակվում են»,- մեկնաբանեց Ղազարյանը: