Ի՞նչ է պատահել Աշոտ Տոնոյանի առանձնատան հետ

Որոշ տեղեկությունների համաձայն` «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, 2007-2012թթ. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աշոտ Տոնոյանը (Տոնուսի Աշոտը) զրկվել է Զեյթունի Կամարակ թաղամասում գտնվող իր առանձնատնից: Նա այդ տունը, ըստ նույն աղբյուրի, ստիպված է եղել գրանցել այլ անձի անունով: Ըստ այդ լուրերի` 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում Տոնոյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու և իր վրա էր վերցրել Զեյթուն համայնքում ԲՀԿ քարոզարշավի պատասխանատվությունը` դրա համար ԲՀԿ ղեկավարից ստանալով համապատասխան ֆինանսավորում:

Ասում են, թե երբ ընտրությունների արդյունքում ԲՀԿ ստացած ձայների և ֆինանսավորման միջև էական տարբերություն է առաջացել, ԲՀԿ ղեկավարը գումարը հետ է պահանջել: Բայց տեսնելով, որ Տոնոյանն ի վիճակի չէ այդ գումարը վերադարձնել, որոշել է նրանից վերցնել նշված առանձնատունը: Նույն աղբյուրների համաձայն` Աշոտ Տոնոյանն այժմ բնակվում է այլ բնակարանում, իսկ այդ բնակարանը ձևակերպել է այն անձի անունով, ում Գ. Ծառուկյանը լիազորել է:

Այս տեղեկությունը ճշտելու համար 168.am -ը դիմեց Տոնոյանի մամուլի հարցերով պատասխանատու Գայանե Զարգարյանին, ով նշված տեղեկությանն արձագանքելով` ասաց. «Այս մասին ես որևէ տեղեկություն չունեմ, այն ամենը, ինչ ասացիք, առաջին անգամ ձեզանից եմ լսում»:

Իսկ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Իրականության հետ անգամ նվազագույն առնչություն չունի այս տեղեկատվությունը: Բացարձակ անհեթեթությունների շարքից է: Հերթական անգամ երևի ինչ-որ մեկը երևակայության ոչ այնքան վառ թռիչք է ունեցել»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը ԲՀԿ համամասնական ցուցակում ներկայացված չէր, սակայն առաջադրվել էր թիվ 3 ԸՏ-ում՝ մեծամասնական ընտրակարգով: Մինչ այդ Ա. Տոնոյանն ընդգրկված է եղել ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում, ԱԺ ընդհանուր 527 նիստերից մասնակցել է 280-ին (բացակայությունը` 47%), կողմ է քվեարկել 245 (46%) օրինագծերի, դեմ՝ 1 (0%), ձեռնպահ՝ 1 (0%), չի քվեարկել՝ 35 (7%), ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել: Տոնոյանը ոչ մի մասնակցություն չի ունեցել նաև որևէ օրինագծի մշակմանը:

Ամիսներ առաջ լրատվամիջոցներին իրենց բողոքն էին ներկայացրել մի խումբ քաղաքացիներ և պատմել, որ 3-4 տարի առաջ Ա. Տոնոյանը իրենցից գումար էր վերցրել Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանում բնակելի շենք կառուցելու համար, սակայն մինչ օրս բնակարան չի հատկացրել: Նշվում էր, որ շենքի փոխարեն  այժմ հսկայական փոս է փորված: Այսինքն` գումարը վերցրել է, խոստումը չի կատարել և չի էլ վերադարձրել բնակիչներից վերցրած  գումարները: Այդ փաստը լրատվամիջոցների հետ զրույցում չէր հերքել նաև ինքը` Ա. Տոնոյանը` մեկնաբանելով, թե Հայաստանում չկա մի շինարարական կազմակերպություն, որ խնդիրներ չունենա:  Ընդ որում, ԱԺ ընտրությունների ընթացքում ԶԼՄ-ներում նշվել է Տոնոյանի և Ծառուկյանի հարաբերությունների վատացման մասին:

Այսօր մեզ չհաջողվեց իր առանձնատան հետ կապված պարզաբանումներ ստանալ անձամբ Աշոտ Տոնոյանից. նա կամ անհասանելի էր, կամ հեռախոսը վերցնում, ապա անջատում էր, վերջում էլ մեկ ուրիշը պատասխանեց հեռախոսազանգին և ասաց, թե Տոնոյանը քաղաքում չէ:

Տեսանյութեր

Լրահոս