Բանակցություններն օգնեցի՞ն Մանուշակին

«168 Ժամ»-ում հրապարակված այն տեղեկությունը, որ ՀԱԿ կենտրոնական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը մեկնել է ՀՀ-ից և շինարարական բիզնես է ծավալել Սոչիում, մեծ իրարանցում է առաջացրել ՀԱԿ-ում: Ինչպես հայտնի է, նախագահական ընտրություններից հետո Մանուշակ Պետրոսյանը բողոքում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելը բավական թանկ արժեցավ իր ընտանիքին, քանի որ իշխանությունները սկսեցին խոչընդոտներ ստեղծել իր եղբոր շինարարական բիզնեսի համար:

Արդյունքում` եղբայրը ստիպված էր վաճառքի հանել ընկերության ողջ գույքը և շինարարական տեխնիկան, որի մի մասը, ըստ որոշ տեղեկությունների, գնեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Սակայն նախորդ տարվա ամռանը Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանությունների հետ բանակցություններում իրենց խողովակը Մ. Պետրոսյանն է:

Օրինակ, Ոստիկանության հետ բանակցություններում ՀԱԿ խողովակը Լևոն Զուրաբյանն, Ավետիս Ավագյանը և Դավիթ Մաթևոսյանն էին: ՀԱԿ անդամներին այժմ հետաքրքրում է այն հարցը, թե արդյո՞ք այդ բանակցությունների արդյունքում է, որ Մ. Պետրոսյանը կարողացել է կարգավորել իր հարաբերությունները իշխանության հետ և հնարավորություն ստացել գործունեություն ծավալել Հայաստանից դուրս: «Սոչիում շինարարություն կարելի է անել միայն մեծ փողի և ուժեղ թիկունքի պայմաններում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչներից մեկը` հիշեցնելով, որ մինչև բանակցությունները Մ. Պետրոսյանը 2,5 միլիոն դոլարով ցանկանում էր վաճառել Աջափնյակ համայնքում գտնվող իր «օբյեկտը», որի վրայից հանվել է «Վաճառվում է» հայտարարությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս