
Ծեծվածներին Բալասանյա՞նն է թաքցնում

Գալա-ի փոխանցմամբ` որոշ տեղեկությունների համաձայն` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահների կողմից դաժան ծեծի ենթարկված տղաներին` Արթուրին ևՌուբենին թաքցնողը հենց Բալասանյանն է: Կայքի աղբյուրների փոխանցմամբ` նախ Բալասանյանը փորձել է միջնորդների օգնությամբ տղաներին գործարք առաջարկել` գումար և աշխատանք, և քանի որ վերջիններս հրաժարվել են` ասելով, որ իրենք «ստանալիք» ունեն ծեծկռտուքի գլխավոր դերակատար` Բալասանյանի թիկնապահների ղեկավար ոմն Էդոյից և մեկ այլ երևանցի թիկնապահ Կարենից, Սամվել Բալասանյանը նրանց թաքցրել է, որպեսզի չընկնեն ոստիկանների ձեռքը: Ծեծվողները ևս խուսափում են ոստիկանությունից՝ մտավախություն ունենալով, որ գործը շուռ կգա իրենց դեմ, և հետո, ի վերջո, համարվում են ծեծկռտուքի մասնակից կողմ: Ըստ ԳԱԼԱ-ի` սա ձեռնտու է նաև Բալասանյանին, քանի որ տղաներն հիմա այն վիճակում չեն, որ դուրս գան հանրության առաջ, և Բալասանյանը կարողանա հայտարարել, որ «սուտ է ու ծեծկռտուք տեղի չի ունեցել»:
«Մի քանի շաբաթ անց արդեն բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի և Բալասանյանը վստահ կկարողանա հերքել, որ ծեծկռտուք տեղի չի ունեցել, քանի որ կապաքինվեն նաև տղաների վերքերը: Ըստ տեղեկությունների` Արթուրին ծեծել են այնպես, որ այլանդակվել է նրա դեմքը, բացի այդ կոտրված է նրա քիթը, իսկ գլուխը հրազենի կոթի հարվածից ճղված է: Նրա ընկեր Ռուբենը կոտրվածքներ է ստացել. կոտրված են նրա ձեռքերի մատներն ու ողները»,- գրում է ԳԱԼԱ-ն:
Նշենք նաև, որ ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն տարածեց հոկտեմբերի 13-ին, առ այն, որ ահազանգ է ստացվել մի քաղաքացուց ծեծկռտուքի վերաբերյալ, և որ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում անհայտ անձանց ինքնությունը պարզելու և նրանց ու Արթուրին հայտնաբերելու ուղղությամբ:
ԳԱԼԱ-ն այսօր Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից հետաքրքրվել է, թե ձեռնարկված միջոցառումների արդյունքում ի՞նչ բացահայտումներ են արվել: Կ. Բաբակեխյանը, ով նախօրեին հավաստիացրել էր, թեգործին ընթացք են տվել, այսօր հայտարարել է, որ ինքը գտնվում է արձակուրդում է:
Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի պետ Արմեն Երիցյանն էլ փոխանցել է, որ մինչ այժմ դեպքի առթիվ քրեական գործ հարուցված չէ: