Բաժիններ՝

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կյանքի որակը գյուղերում չզիջի քաղաքային պայմաններին»

«Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերային բնույթ: Քաղաքական և տնտեսական երկխոսություն է հաստատվել պետական կառավարման բոլոր մակարդակներում: Այսօր եկել է ավելի սերտ միջտարածաշրջանային համագործակցության ժամանակը»,- այսօր «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով Երևանում մեկնարկած հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` երկու երկրների տարածաշրջանային իշխանությունների երկխոսությունը կարող է առաջարկել շրջանների զարգացմանը նպաստող մեխանիզմներ. «Պետք է ոչ միայն պահպանենք, այլև ամրապնդենք երկկողմ տեղեկատվական տարածությունը, դիտարկենք երկու երկրների տարածաշրջանային շուկաների առաջարկի և պահանջարկի տվյալների բազայի ստեղծումը՝ համապատասխան բիզնես առաջարկների և ծրագրերի ներկայացմամբ»:

Ըստ Տ. Սարգսյանի` անհրաժեշտ է իրականացնել նաև շուկաներում առկա իրավիճակի վերաբերյալ մշտադիտարկում և տվյալ ժամանակահատվածի համար ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ նվազագույնի հասցնելու բյուրոկրատական, նյութատեխնիկական և վարչական ռիսկերը, որոնք բխում են միջտարածաշրջանային համագործակցությունից:

Խոսելով տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ՝ նա նշել է, որ Հայաստանի կառավարության առաջնայնություններից մեկը տարածաշրջանային ենթակառուցվածքների՝ ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի, լոգիստիկ և կրթական կենտրոնների զարգացումն է:

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կյանքի որակը գյուղերում չզիջի քաղաքային պայմաններին: Այդ նպատակով սկսել ենք հստակ ծրագրերի իրականացում՝ տարածաշրջանային զարգացման կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Գյումրիում ստեղծվում է Տեխնոպարկ, որին կհաջորդի Վանաձորը, Դիլիջանում կառուցվում է ֆինանսական և կրթական կենտրոն:

Մեր շրջաններն ունեն զբոսաշրջության զարգացման չօգտագործված հսկայական ներուժ: Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանների առողջարաններն աստիճանաբար վերածվում են լուրջ զբոսաշրջային կենտրոնների, որոնք պատրաստ են ընդունելու Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին»,- ասել է վարչապետը:

Նրա կարծիքով՝ տարածաշրջանների տրանսպորտային հաղորդակցության ապահովումը պահանջում է ամենօրյա ուշադրություն, քանի որ այն միացնում է երկու երկրները, ստեղծում լավագույն հնարավորություններն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար: Բացի այդ, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաև երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներուժի լիաժեք օգտագործումը:

Նշենք, որ համաժողովին մասնակցում են երկու երկրների կենտրոնական և տարածաշրջանային իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ռուսաստանի 13 սուբյեկտների, ինչպես նաև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունները, բացի համաժողովի բուն աշխատանքներին մասնակցելուց, մարզերում հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ, տեղերում քննարկել փոխգործակցության հեռանկարները: Հայաստանի բոլոր մարզերից ևս պատվիրակություններ են մասնակցում միջոցառմանը:

Համաժողովի շրջանակում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի, Լոռու մարզի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս