«Էթիկայից դուրս եմ համարել». Կարինե Դանիելյան
««Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ն չի միացել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականի պահանջին, քանի որ հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը ժամանակին նախարար է եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը` մեկնաբանելով, թե ինչո՞ւ չի միացել բնապահպանական 48 կազմակերպությունների կողմից ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին հայտարարությանը:
«Ես նախարար եմ եղել և գտնում եմ էթիկային կանոններից դուրս, որ ես գնահատեմ նույն պաշտոնում նախարարի աշխատանքը, պահանջեմ նրա հրաժարականը: Պատճառը միայն դա է: Երբեք, ինչքան որ եղել են նախարարների հետ կոնֆլիկտներ և նույնիսկ դատի տալու խնդիր է եղել, ես դրան չեմ խառնվել: Էթիկայից դուրս եմ համարել»,- նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը: Վերջինս կարծում է, որ պայքարել պետք է այլ կերպ:
Նշենք, որ այսօր Էկոլոգիական հասարակական դաշինքը հանդես է եկել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Հայտարարությանը միացել է դաշինքի 48 անդամ, բացի «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանից և «Բուրգ» հ/կ նախագահ Արման Վերմիշյանից: