«Ո՞վ կլինի նախարար, թե ինչպե՞ս կընտրվի, և այլն, և այլն, դա զուտ Հայաստանի ներքին խնդիրն է և պետության խնդիրն է»
«Բուրգ» հասարակական կազմակերպությունը չի միացել Էկոլոգիական հասարակական դաշինքի՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրաժարականը պահանջող հայտարարությանը՝ կապված «Բուրգի» նախագահի մեկ այլ պաշտոն ունենալու հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Բուրգ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Վերմիշյանը:
«Ես Հայաստանում ներկայացնում եմ «Կովկասի բնության հիմնադրամը», որի ազգային համակարգողն եմ հանդիսանում, և մեր հիմնադրամի գործընկերն է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ որպես պետական լիազոր մարմին: Մենք չենք խառնվում Հայաստանի Հանրապետության որևէ գործի, և Էկոդաշինքը եթե նման հայտարարություն է իրականացնում՝ դա Հայաստանի ներքին խնդիրն է: Ի պաշտոնե մենք իրավունք էլ չունենք խառնվելու, և, բնականաբար, ո՞վ կլինի նախարար, թե ինչպե՞ս կընտրվի, և այլն, դա զուտ Հայաստանի ներքին խնդիրն է և պետության խնդիրն է: Քանի որ ես ինքս հանդիսանում եմ «Բուրգ» հասարակական կազմակերպության նախագահը, և, բնականաբար, ցանկացած հայտարարություն «Բուրգ» հասարակական կազմակերպության անունից կամ թեկուզ իմ անունից կապվում է անմիջապես «Կովկասի բնության հիմնադրամի» գործունեության հետ, դրա համար մեր կազմակերպությունը չի միացել այդ հայտարարությանը»,- ասաց Արման Վերմիշյանը:
Հիշեցնենք, որ այսօր Էկոլոգիական հասարակական դաշինքը հանդես է եկել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Հայտարարությանը միացել է դաշինքի 48 անդամ:
«Բուրգ» հ/կ նախագահ Արման Վերմիշյանից բացի, Արամ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին հայտարարությանը չի միացել նաև «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը:
Կարինե Դանիելյանի տեսակետը կներկայացնենք առաջիկայում: