Christie’s աուկցիոնում ոչ ոք չցանկացավ գնել Apple-1-ը (լուսանկարներ)
Հոկտեմբերի 11-ին Լոնդոնի Christie’s աուկցիոնում չհաջողվեց վաճառել առաջին Apple համակարգիչը, որը վաճառքի էր դրված մոտ 80.000 դոլարով: Պատճառն այն էր, որ հնագույն այդ համակարգիչը բոլորովին չէր աշխատում` մաս կազմող մի քանի կարևոր դետալների բացակայության պատճառով:
Ի դեպ, մինչ այդ` 2011թ. Դեկտեմբերին, համակարգիչը վաճառքի էր դրվել 170.000 դոլարով` ինտերնետային eBay-աուկցիոնում, և դարձյալ որևէ գնորդ չէր ունեցել: Yoki.ru-ի` Christie’s-ի ներկայացուցիչները որոշեցին 80.000 դոլարից ոչ պակաս արժեքով վաճառել, սակայն աուկցիոնի մասնակիցներն առաջարկեցին ընդամենը 52.000 դոլար:
Այժմ Apple-1-ի սեփականատերը Apple-ի նախկին աշխատակից Ջո Կոպսոնն է: Այդ մոդելի աշխատող համակարգիչները մեծ պահանջարկ ունեն: 2010թ. մեկ այլ Apple-1 լոնդոնյան այդ աուկցիոնում վաճառվել էր 213.000 դոլարով, իսկ մի քանի ամիս առաջ Sotheby’s –ում նմանատիպ համակարգիչը վաճառվել է 374,5 հազար դոլարով:
Հիշեցնենք, որ համակարգչային արտադրության լեգենդներ Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը, ով այս տարի Հայաստան էր այցելել, Apple-1-ը ստեղծել են 1976թ.` Homebrew Computer Club-ում, որից հետո երիտասարդ այդ տղաների ստեղծած համակարգիչների նկատմամբ ուշադրություն է ցուցաբերել աշխարհում համակարգչային առաջին խանութի` Byte Shop-ի սեփականատերը, ով պայմանագիր է կնքել թվով 50 Apple-1-ի առաքման համար: