«Թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո` Գագիկ Ծառուկյանն այլ բան չի հայտարարել»
«Հասկանում եմ, որ իմ երկու մեկնաբանություններն իրարամերժության տեղիք են տվել: Ես վերահաստատում եմ իմ դիրքորոշումը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պաշտոնական այլ դիրքորոշում, բացի նրանից, որ 2013-ին պետք է պաշտպանի նախագահ Սարգսյանին, չի հրապարակել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով երեկ ՀՀԿ գործադիր նիստից հետո իր այն հայտարարարությանը, թե` «նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ-ի տեսակետը իրենց խնդիրն է, իրենց մենաշնորհը, և, ինչպես նրանք են հայտնել, երբ ժամանակը գա, այդ մասին կհայտարարեն»:
«Նիստից հետո իմ խոսքը եղել է այն մասին, որ մենք իբրև վերջնաժամկետ ենք դրել ԲՀԿ-ի վրա: Խոսքը գնացել է վերջնաժամկետների մասին: Եվ ես ասել եմ, որ նման հրապարակումներն անհեթեթ են, սա աբսուրդ է, և, թե ինչպես կվարվի ԲՀԿ-ն, իրենց մենաշնորհն է: Այստեղ ո՞րն է հակասությունը: Ես կրկնում եմ, որ առ այսօր ԲՀԿ ղեկավարը պաշտոնական որևէ այլ հայտարարություն ու ստորագրություն չի արել, բացի նրանից, որ պաշտպանելու է գործող նախագահին»,- ասաց Շարմազանովը:
Հարցադրմանը, թե՝ պնդո՞ւմ եք, որ ԲՀԿ-ի կողմից կոալիցիոն հուշագրի համապատասխան կետի վերանայում չի՞ եղել, ու ԲՀԿ-ն դե յուրե պաշտպանելու է գործեղ նախագահի թեկնածությո՞ւնը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո` Գագիկ Ծառուկյանն այլ բան չի հայտարարել: Ինձ այլ կարծիք հայտնի չէ, որի տակ կա պարոն Ծառուկյանի ստորագրությունը: Իսկ երեկվա իմ ասածը վերաբերել է մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ մենք իբրև ճնշումներ ենք կիրառում ԲՀԿ-ի դեմ, վերջնաժամկետներ ենք դրել նրանց առջև: Ես արձագանքել եմ միայն սրանց: Ափսոսում եմ, որ մարդիկ իմ մեկնաբանությունները հակասության մեջ են դրել»: