Քրիստինե Պեպելյանի սպասումներն արդարացան
«Այս պահին աշխատում եմ ավարտին հասցնել բոլոր ստուդիաներում կիսատ թողնված աշխատանքները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Քրիստինե Պեպելյանը` հավելելով, թե այդ կիսատ թողած աշխատանքների թվում է նաև օրեր առաջ Համալիրում կայացած մենահամերգի DVD տարբերակի թողարկումը:
Հարցին, թե ի՞նչ նոր կատարումներ հնչեցին մենահամերգի ընթացքում, և ո՞րն էր այդքան շատ խոստացված անակնկալը, Քրիստինե Պեպելյանը պատասխանեց. «Համերգի ժամանակ հնչեցին մի քանի պրեմիերաներ՝ «Հայ զինվոր», «Երջանիկ եմ», «Աշխարհս քեզ, դու ինձ», «Ամեն անգամ», և «Ջահելների համար» երգը, որը կատարել եմ Թաթա Սիմոնյանի հետ: Այդ երգերի հետ կապված դեռ աշխատանքներ կան: Հուսամ, որ դրանցից մի քանիսը տեսահոլովակներ կունենան»:
Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 28-ին կայացել է Ք. Պեպելյանի մենահամերգը, ուստի երգչուհուց հետաքրքրվեցինք` արդյոք արդարացա՞ն իր սպասումները: Ի պատասխան՝ նա ասաց. «Այս մենահամերգն ինձ համար շատ ջերմ հանդիպում էր: Իմ համերգը կայացավ իմ հանդիսատեսի, նրանց գնահատականների ու ներկայության շնորհիվ»:
Աիդա Ղարիբյան