Աբրահամյանը հեշտ ճնշվող մարդ չէ
Հայերի համաշխարհային կոնգրես կազմակերպության նախագահ, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօրվա ասուլիսում` պատասխանելով հարցին` արդյոք պարզե՞լ եք, թե ով էր Ձեր միության անունից ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնխելիությունից զրկելու վերաբերյալ դատապարտող հայտարարություն տարածել, որը հետագայում հերքվեց Ձեր կողմից, և արդյո՞ք այդ հերքումը իշխանությունների կողմից ճնշման հետևանք չէր, ասաց, թե իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով է այն տարածել, ուստի չի էլ ցանկացել պարզել:
Աբրահամյանը նաև հայտարարեց, թե ինքն այնքան էլ հեշտ ճնշվող մարդ չէ և իշխանության կողմից իր վրա որևէ ճնշում չի եղել:
«Ինձ մտահոգում է Վարդան Օսկանյանի հետ տեղի ունեցածը, բայց մենք պետք է հասկանանք, որ կա պետականություն և պետք է համբերություն ունենանք` տեսնենք, թե ինչպես է այդ հարցը կարգավորվում իրավական հարթությունում»,- հայտարարեց Ա. Աբրահամյանը:
Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ Հայերի համաշխարհային կոնգրես կազմակերպությունը պատրաստվում է հոկտեմբերի 15-ին ԳԱԱ նախագահության շենքում անցկացնել իր երկրորդ համագումարը, որին ներկա են լինելու 156 պատգամավորներ: