
Հայաստանում տեսողական ախտահարումների աճ կա. Ալեքսանդր Մալայան

Հայաստանում նկատվում է տեսողական ախտահարումների աճ` ըստ այցելությունների թվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը: Ըստ նրա՝ այցելությունների թվով ամենատարածված խնդիրներից են շաքարային դիաբետի ակնային ախտահարումները:
«Ցավոք սրտի, շատ են շաքարային դիաբետի ակնային ախտահարումների բարդացած և ծանր դեպքերը: Նման դեպքերում հիվանդներին օգնություն տրամադրել գրեթե չի լինում»,- նշեց ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժը:
Ալեքսանդր Մալայանի խոսքով՝ ըստ այցելությունների քանակի՝ ամենատարածված ախտահարումներից մեկն էլ գլաուկոման է: Գլուկոմայի դեպքում տեղի է ունենում աչքի ներերակային ճնշման բարձրացում, ինչն էլ հանգեցնում է տեսողության անվերադարձ անկման: Ըստ ԱՆ գլխավոր ակնաբույժի՝ այս հիվանդության տարածման պատճառներից մեկն այն է, որ այն կարող է աննկատ զարգանալ: Նշելով, որ հիվանդությունն առավելապես բնորոշ է ծերունական տարիքին՝ Ա. Մալայանը խորհուրդ տվեց 40 տարեկանից բարձր անձանց տարեկան երկու անգամ աչքի հետազոտություն անցնել:
ԱՆ գլխավոր ակնաբույժի խոսքով` բնակչության առողջապահական գիտելիքները ցածր մակարդակի վրա են: Աչքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար Ալեքսանդր Մալայանը խորհուրդ տվեց հոգ տանել առհասարակ առողջության մասին. այդ դեպքում, ըստ նրա, քիչ կլինի նաև ակնային հիվանդությունների թիվը: