Նոր սրահի բացում «Գաֆէսճեան» կենտրոնում
Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցահանդեսը: Այս ցուցադրությամբ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը շարունակում է միջթանգարանային համագործակցության իր ծրագիրը` համատեղ ցուցադրություններ կազմակերպելով քույր-թանգարանների հետ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի համակարգող Լիլիթ Սոխակյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ՝ «Գարնանային մոտիվներ» ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում առաջինն էր այս ծրագրի շրջանակներում:
«ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցադրությունը կազմակերպվեց Երևանի պատմության թանգարանի հետ և ազդարարեց 2012թ. «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների սկիզբը: Ցուցադրությանը ներկայացված են հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Միևնույն ժամանակ, ընդգրկված են ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում են մեր քաղաքի առաջընթացը և ապագայից հայացքն ուղղորդում պատմական Երևանին:
Նշենք, որ այսօր բացվելիք «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահի մուտքն ազատ է այցելուների համար: