«Ես պարզապես երջանիկ և սիրված եմ». Անահիտ Սիմոնյան (լուսանկարներ)
Վերջին տարիների ընթացքում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերն ընտանիք կազմեցին, երեխաներ ունեցան: Երգիչների` Հայկո և Անահիտ Սիմոնյան զույգը նրանցից մեկն էր:
Այսօր զույգն ունի հրաշք բալիկ: Չնայած այն հանգամանքին, որ զույգն աշխատում է, այնքան էլ աչքի չընկնել հեռուստատեսային ծրագրերում կամ այլ շոու ծրագրերում, այնուամենայնիվ, երկրպագուները նրանց հանգիստ չեն թողնում: Համացանցյան հասարակությունը վերջին շրջանում բուռն քննարկում էր Անահիտ Սիմոնյանի արտաքին տեսքի փոփոխությունները, նրա` առավել գրավիչ և կանացի դառնալը: Ոմանք դա վերագրում էին Անահիտ Սիմոնյանի` մայր դառնալուն, ոմանք` ուղղակի սիրող ամուսին և լավ կարիերա ունենալուն:
168.am-ը» փորձեց պարզել, թե ո՞րն է իրականում երգչուհու` ավելի գեղեցկանալու և կանացի դառնալու գաղտնիքը։ «Կարծում եմ, յուրաքանչյուր կին, եթե ներքուստ հանգիստ է, ինքնավստահ և սիրված է, դա նաև անդրադառնում է իր արտաքին տեսքի վրա: Ես պարզապես երջանիկ եմ և սիրված եմ: Իմ բալիկն ինձ ուժ և եռանդ տվեց` աշխատելու և իր համար անհոգ ապագա ապահովելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին: Հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում Անահիտ Սիմոնյանը մայրիկի կարգավիճակում, երգչուհին պատասխանեց. «Մայրիկի կարգավիճակում ես ինձ հիանալի եմ զգում` չհաշված անքուն գիշերները»:
Չնայած զբաղվածությանը, երգչուհին աշխատում է հավասար ժամանակ տրամադրել թե՛ երեխային, թե՛ ամուսնուն, թե՛ իր աշխատանքին: Անահիտ Սիմոնյանի խոսքով, նա, մինչ երեխայի լույս աշխարհ գալն, արդեն իսկ հասցրել էր համացանցից կարդալ և սովորել մայրերին անհրաժեշտ բոլոր խորհուրդները: Ուստի, ինչպես երգչուհին նշեց, երեխայի ծնվելուց հետո ամեն բան իր համար հասկանալի ու պարզ էր: Այսօր Անահիտ Սիմոնյանի և Հայկոյի երեխայի մասին հոգ են տանում բոլորըգ թե տատիկները, թե ծնողները, թե դայակը:
Անահիտ Սիմոնյանի խոսքով` երեխան սիրո և հոգատարության պակաս չի զգում: Հարցին, թե արդյոք Անահիտ Սիմոնյանն իրեն կատարյալ երջանիկ կին համարո՞ւմ է և արդյոք ունի՞ դեռևս չիրականացած երազանքներ, երգչուհին պատասխանեց. «Այո, երջանկություն կա և ես դա զգացել եմ: Պարզապես երջանկությունը հավերժ չի կարող լինել: Դրանք պահեր են, որ մեր կյանքում հանդիպում են շատ հաճախ: Ուղղակի այդ պահերը պետք է նկատել և գնահատել: Իհարկե, ունեմ երազանքներ, բայց ես չեմ կարող դրանց մասին ասել, քանի որ, եթե ասեմ` չեն իրականանա»: