«Ասել, որ Օսկանյանի գործը միայն իրավական գործընթաց է, ես դրան անկեղծորեն չեմ հավատում». Օմբուդսմեն

«Ազգային Ժողովի կողմից պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը, ճիշտ է` համարվում է իրավական գործընթացի մաս, բայց դա միշտ ունի քաղաքական էլեմենտ: Այսինքն` ԱԺ պատգամավորներին տրված է քաղաքական ազատությունը որոշելու` իրենք արժանահավատ համարո՞ւմ են այդ իրավական հիմնավորումները, որոնք ներկայացրել է գլխավոր դատախազությունը, թե՞ ոչ»,- այսպես արձագանքեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Կարեն Անդրեասյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե իրավական տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ օրենսդիր մարմնի հավանությունը Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներկայացնելու միջնորդությանը` առանց գործի վերաբերյալ անվիճիելի փաստարկներ ձեռք բերելու:

«Մենք չենք կարող մեկնաբանել, որովհետև եթե գործը լինում է նախաքննության կամ դատաքննության փուլում, և պատգամավորն իրավունք ունի անձեռնխելիության վերաբերյալ ինչ-որ ձևով դիրքորոշում հայտնել, Մարդու իրավունքների պաշտպանին կոնկրետ արգելված է միջամտել: Դրա համար շատ դեպքերում, ցավոք, մենք զերծ ենք մնում այդ փուլում գործի ընթացքին միջամտելուց»,- ասաց Կ.Անդրեասյանը:

Իսկ մեր դիտարկմանը, որ ԱԺ-ում Վ.Օսկանյանին որպես մեղադրյալ ներկայացնելու միջնորդությունը ներկայացրած գլխավոր դատախազը և այդ միջնորդությանը հավանություն տված իշխող կուսակցությունն էլ իրենց հերթին միաբերան պնդում են, որ գործը միայն իրավական հարթության մեջ է և չունի քաղաքական ենթատեքստ, օմբուդսմենը պատասխանեց.

«Ես ասում եմ, որ իրենք կարող են իրենց խղճի մտոք քվերարկելիս, իհարկե, առաջնորդվել իրավական սկզբունքներով, բայց ակնհայտ է, որ պատգամավորների կողմից քվեարկության ժամանակ կարող են լինել նաև քաղաքական դրդապատճառներ: Եվ ասել, որ սա միայն իրավական գործընթաց է, ես դրան, որպես մարդ և մասնագետ, անկեղծորեն չեմ հավատում»:

Կարդացեք նաև

Կարեն Անդրեասյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:


Տեսանյութեր

Լրահոս