Ջհանգիրյանը հապաղում է
Երկու շաբաթ առաջ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը ՀԱԿ կենտրոնական գրասենյակում հանդիսավորությամբ մամուլի ասուլիս հրավիրեց և տեղեկացրեց, որ ՀԱԿ խմբակցությունը մեկ-երկու օր հետո ԱԺ կներկայացնի որոշման նախագիծ` 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու համար: Այսօր մենք տեղեկացանք, որ Ջհանգիրյանի պատրաստած որոշման նախագիծը դեռևս ԱԺ չի ներկայացվել և, բնականաբար, չի դրվել շրջանառության մեջ:
Մենք փորձեցինք ՀԱԿ անդամներից ճշտել, թե ինչո՞ւ սույն որոշման նախագիծը չի դրվում շրջանառության մեջ, գուցե Գագիկ Ջհանգիրյանը փոշմանե՞լ է և հրաժարվե՞լ է իր մտադրությունից:
ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ ինքն այսօր է ստորագրել այդ որոշման նախագծի տակ, այնպես որ, այդ նախաձեռնությունից հրաժարվելու մասին խոսք անգամ լինել չի կարող: «Կարծում եմ` առաջիկա օրերին այդ նախաձեռնությունը կդրվի պաշտոնական շրջանառության մեջ»,- ասաց պատգամավորը:
Այնուամենայնիվ, զարմանալի է, որ ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը հապաղում է որոշման նախագիծն ԱԺ ներկայացնել: Նախորդ շաբաթ ՀԱԿ-ը միացավ Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ քրեական գործում ներգրավելու մասին Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի քվեարկության բոյկոտին: Մեր աղբյուրների փոխանցմամբ` հիմա ՀԱԿ-ում ակնկալում են, որ ԲՀԿ-ն էլ կողմ կքվեարկի իրենց կողմից ներկայացված որոշման նախագծին: Թե իրականում ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ԲՀԿ-ն` պարզ կդառնա միայն քվեարկության ժամանակ, քանի որ ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ շատ ծանր են տանում Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ցանկացած քննարկում:
Իսկ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ իր կողմից որոշման նախագիծը յուրօրինակ թեստ է լինելու, որի միջոցով հնարավոր կլինի պարզել, թե ով է կողմ Մարտի 1-ի բացահայտմանը, իսկ ով` դեմ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի