«Հայաստանը ստանալու է հերթական չափալախները դրսից»

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադարձան ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին:

Հարցին, թե Վ.Օսկանյանի գործն ի՞նչ ազդեցություն կունենա առաջիկա նախագահական ընտրությունների վրա, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց, թե իր կարծիքով` դա ոչ մի ազդեցություն էլ չի ունենա. «Ընդամենը ևս մեկ անգամ մեր երկրում իրավական համակարգի նկատմամբ ձևավորվելու է անվստահություն, Հայաստանը ստանալու է հերթական չափալախները դրսից, և մենք, գլուխներս կախ, ամոթ վիճակում կանգնելու ենք միջազգային իրավունքների տարրական սկզբունքները խախտելու առաջ»,- նշեց նա:

Ա. Մինասյանը նաև հավելեց, թե ինքը չի ուզում այս գործը դիտարկել ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունների ենթատեքստում. «Ես սա դիտարկում եմ որպես մի գործընթաց, որն ուղղված է Վարդան Օսկանյան անձի դեմ: Մնացածը` թե ինչ հաշվարկներ ունեն քաղաքական ուժերը, եկեք բաժակ չնայենք»:

Իսկ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը վերոհիշյալ հարցին պատասխանելով, ասաց. «Նախագահական ընտրությունների վրա ազդեցության մասով ամբողջովին կիսում եմ իմ գործընկերոջ տեսակետը. որևէ ազդեցություն ունենալ չի կարող:

Կարդացեք նաև

Քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, հարցն ավելի շատ տարվում է քաղաքականացման, որովհետև այդ պարագայում այն հարցադրումները, որոնք ինձ համար այսօրվա դրությամբ իրենց լուծումները չունեն, շատ հեշտ է այդ հարցադրումներով ուղղակի ծածկադմբոց անել ու փակել: Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի հասկանանք, թե իրականում  այս ամենը տարե՞լ է ստվերային շրջանառության և հարկերից խուսափման: Դա ինձ համար շատ կաևոր է, որովհետև այդ ժամանակ ես ընդհանրապես չեմ հասկանա պարոն Օսկանյանին, ով մի կողմից` քննադատում է կառավարությանը, մյուս կողմից էլ, փաստորեն, ստացվում է, որ քննադատությամբ նա ինքն իր` սահմանադրությամբ ամրագրված ամենակարևոր դրույթներից մեկը հավուր պատշաճի չի կատարում»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս