Բաժիններ՝

Հայաստանում կստեղծվի տրանսպորտային միջոցների հսկման համալիր ծրագիր

Առաջիկայում տրանսպորտային միջոցների հսկման համալիր ծրագիր կստեղծվի, որը  հնարավորություն կտա GPS-ի միջոցով իմանալ, թե որտեղ են գտնվում տարբեր կառույցների մեքենաները:

Նշենք, որ ներկայում Հայաստանում շտապօգնության, ինչպես նաև՝ մի շարք այլ ծառայություններում կիրառվում են նման համակարգեր, սակայն մեկ միասնական համակարգ, որը կկառավարի տարբեր կառույցների տրանսպորտային միջոցները, չկա:

Հատկապես արտակարգ իրավիճակների ժամանակ այդ ամենի կարիքն ավելի ակնառու է դառնում, ուստի նոր ծրագիրը հնարավորություն կտա առավել արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից և կօգնի ճիշտ որոշումներ կայացնել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հիբրիդ Սոլյուշնս» ընկերության GPS/ ГЛОНАСС նախագծի ղեկավար Արման Օզմանյանը:

Նրա խոսքով՝ տրանսպորտային միջոցների մեկ միասնական տեղեկատվական համակարգը կնպաստի վթարների, աղետների, ընդհանրապես արտակարգ իրավիճակների ժամանակ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ղեկավարում իրականացնել, դրանք կլինեն՝ ինչպես շտապօգնության, այնպես էլ՝ հրշեջ, ոստիկանական մեքենաներ, և այլն:

Կարդացեք նաև

«Այս ամենը, բնականաբար, աղետների դեպքում կնվազեցի մարդկային կորուստների թիվը, դա հնարավորություն կտա կողմնորոշվել, թե մեքենաները որտեղ են գտնվում, օրինակ՝ թեկուզ հենց փլուզումների դեպքում տեղեկանալ՝ կոնկրետ այդ տարածքում մեքենաներ կա՞ն, թե՞ ոչ»,- ասաց Ա. Օզմանյանը` նշելով, որ ծրագրի միջոցով հնարավոր կլինի իմանալ, թե օրվա ցանկացած պահի որտեղ է գտնվում ձեր մեքենան և ինչ է կատարվում նրա հետ, որը թույլ կտա օպերատիվ որոշումներ կայացնել տրանսպորտային պարկի կառավարման գործում:

Ըստ Ա. Օզմանյանի՝ ներկայում դեռևս ծրագիրը պատվիրատու չունի, սակայն, ըստ համակարգը ստեղծողների` այն կհետաքրքրի նախառաջ պետական կառույցներին և հատկապես՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս