ՀՀԿ-ի համար կարևորը Ծառուկյանի տեսակետն է

Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ, եթե ԲՀԿ-ն` որպես հեղինակավոր կուսակցություն, նախագահական ընտրություններում չառաջադրի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, ապա ինքը պատրաստ է առաջադրվել:

Հարցին, թե Վ. Օսկանյանի թեկնածությունն առաջադրելու դեպքում չե՞ն ուժեղանա նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօրվա ասուլիսում պատասխանեց. «Նախ` հարցադրման հետ համամիտ չեմ: Որևէ հետապնդում որևէ գործչի նկատմամբ չկա: Խնդիրը բացառապես իրավական է, և կարիք չկա նման տերմինոլոգիա օգտագործել: Սա իմ համոզմունքն է: Եվ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր խոսում էին քաղաքական հետապնդումների մասին, անշնորհակալ գործով էին զբաղված:

Հայաստանում ոչ միայն  հետապնդում չկա, այլև Հայաստանը գնում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով: Դրա վառ ապացույցը կարելի է կարդալ սեպտեմբերի 21-ին՝ նախագահ Օբամայի, նախագահ Օլանդի, ինչո՞ւ չէ` նաև նախագահ Պուտինի շնորհավորական ուղերձները նախագահ Սարգսյանին, ինչպես նաև Եվրոպայի ամենաազդեցիկ ուժի` ԵԺԿ-ի նախագահ պարոն Մարտենսի ուղերձը ՀՀԿ-ին և նախագահ Սարգսյանին` առ այն, որ ՀՀԿ-ն և նրա ղեկավար Սերժ Սարգսյանը հանդիսանում են Հայաստանում ժողովրդավարական արժեքների առաջամարտիկը: Երկրորդը` ինչ վերաբերում է Վ. Օսկանյանին, կկրկնեմ` ես հարկ չեմ համարում մեկնաբանել ԲՀԿ առանձին գործչի  քաղաքական ցանկություններն ու նպատակները: Մեզ համար` որպես ԲՀԿ պաշտոնական տեսակետ, եղել և մնում է բացառապես կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տեսակետը: Բացի այն, որ Գագիկ Ծառուկյանը  2011թ. ստորագրել է հայտարարություն, որտեղ նշված է, որ ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն 2013թ. նախագահական ընտրություններին պաշտպանելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և ստորագրված է այդ հայտարարության տակ Գագիկ Ծառուկյանի կողմից, որևէ այլ պաշտոնական հայտարարություն ԲՀԿ առաջնորդը չի արել: Ես էլ երբեք կանխատեսումներով հայտնի չեմ եղել»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս