
«Ես չէի ցանկանա, որ հայ ժողովուրդը հունգար ժողովրդին մեջքով շրջվեր այնպես, ինչպես հունգարական կառավարությունն արեց հայ ժողովրդի նկատմամբ». Սերժ Սարգսյան

Հունգարական ATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե Հունգարիայի ժողովուրդը մեր թշնամին չէ, չնայած այն սխալ որոշմանը, որ ընդունել է պաշտոնական Բուդապեշտը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»:
«Մենք դա սխալ որոշում ենք համարում»,- ասել է Սարգսյանը` անդրադառնալով Սաֆարովի արտահանձման վերաբերյալ Հունգարիայի քայլին: Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ Սարգսյանը չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձգտում, սակայն «Հայաստանն ամեն հնարավորն անում է հասնելու այդ նպատակին»: Նախագահը միաժամանակ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման դեպքում Հայաստանը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին:
Ս. Սարգսյանը նշել է, թե Հունգարիայի կառավարությունը գիտակցել է որոշման հետևանքները, իսկ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ամիսներ շարունակ հավաստիացնում էին Հայաստանին, թե Սաֆարովը չի արտահանձնվի: «Ես չէի ցանկանա, որ հայ ժողովուրդը հունգար ժողովրդին մեջքով շրջվեր այնպես, ինչպես հունգարական կառավարությունն արեց հայ ժողովրդի նկատմամբ»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ հայ և հունգար ժողովուրդների միջև միշտ լավ հարաբերություններ են եղել, մշտապես եղել են հայ հերոսներ, ովքեր իրենց կյանքն են զոհել Հունգարիայի անկախության համար: Նախագահը շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում նման հերոսներ կրկին կլինեն: Սերժ Սարգսյանի խոսքով` Սաֆարովին արտահանձնելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության որոշումն ավելի է սրել հայ-ադրբեջանական հակամարտությունը` միաժամանակ վնաս հասցնելով նաև Եվրոպական Միության արևելյան քաղաքականությանը: