«Ծառուկյանը սոլո է. հանեք նրան` ԲՀԿ-ից բան չի մնա»
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի կատարած հարցման արդյունքում 2013 թվականի նախագահական ընտրություններում, ըստ մեկնարկային վարկանիշի, իշխանամետ դաշտում մրցունակ է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` 54,3%-ով, իսկ ընդդիմադիր դաշտում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` 8,9%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Նշենք, որ հարցումը կատարվել է սեպտեմբերի 15, 16-ին և 21, 22-ին, բոլոր մարզերի 3250 ակտիվ ընտրողների շրջանում՝ համաչափ՝ ըստ սեռի, տարիքի, կրթության, բնակավայրի:
Ընդդիմադիր դաշտում մյուս հավանական թեկնածուների շանսերը, ըստ հացման` գնահատվում են այսպես. Րաֆֆի Հովհաննիսյան 1,8%, Լևոն Տեր Պետրոսյան 0,6%, Վահան Հովհաննիսյան 1,0%, Արմեն Ռուստամյան 0,1%:
Ինչ վերաբերում է իշխանական թևին, ապա, ըստ հարցման, 2,1 % ձայների կհատկացվի ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին: Ադիբեկյանը նշեց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շանսերը կգնահատվեն, երբ որոշվի՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր դաշտում է նա գործելու:
Ահարոն Ադիբեկյանը ձայների նման բաշխումն ու Գագիկ Ծառուկյանի առաջատար դիրքերը պայմանավորեց նաև զգայական տեսանկյունով: Նրա խոսքով, Գ. Ծառուկյանն ունի բարի լիդերի վարկանիշ ու սրանով է պայմանավորված, որ ընտրողների մեծ մասը կանայք են: «Ընդդիմադիր հավանական թեկնածուներն իրենց ելույթներում խոսում են, որ ընտրական գործընթացն անցնում է կաշառքի ու ճնշումների պայմաններում: Ի՞նչ ընտրությունների մասին կարող է խոսք գնալ, երբ ադմինիստրատիվ ռեսուրսը մեկի ձեռքում է: Սրա վառ օրինակը Րաֆֆի Հովհաննիսյանի նամակն էր նախագահին: Իսկ Գագիկ Ծառուկյանը երբեք չի անդրադառնում ընտրական գործընթացին ու սա հավատ է ներշնչում ընտրողներին»,- պարզաբանեց Ադիբեկյանը:
Ըստ հարցման արդյուքների, ի վերջո, նախագահական ընտրությունների մեկնարկում 60% իրական ձայներից Գագիկ Ծառուկյանին հասնում է ընդդիմադիր ու կենտրոնամետ դաշտերի 19,1 տոկոսը, շնորհիվ իշխանական դաշտի մեծության` Սերժ Սարգսյանին հասնում է 21,4%, մնացած թեկնածուների շանսերը, հարցման համաձայն, համեստ են:
Հնարավոր մասնակիցների ձայները հարցման արդյուքնում ներկայումս բաշխվում են հետևյալ կերպ՝ Գագիկ Ծառուկյան 31,8%, Սերժ Սարգսյան 35,6%, տատանվեղներ 32,6%:
Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հավանական կամ ցանկալի թեկնածուների ցանկում ընդգրկված չէ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Վ. Օսկանյանը երբեք որպես նախագահի հավանական թեկնածու իրեն չի ներկայացրել, ու նրան որպես թեկնածու չեն դիտարկել: Ավելի հավանական է, որ նա վերադառնա որպես արտաքին գործերի նախարար, քան նախագահի թեկնածու»:
Լրագրողների դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը ևս չի հայտարարել հնարավոր առաջադրման մասին, Ահարոն Ադիբեկյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիայից դուր գալն արդեն որևէ բան նշանակում էր: «Դուք տեսե՞լ եք, որ ԲՀԿ հանրահավաքի ժամանակ, բացի Ծառուկյանից` էլի որևէ մեկը ելույթ ունենա: Ծառուկյանը սոլո է. հանեք նրան, ԲՀԿ-ից բան չի մնա»,- հայտարարեց Ադիբեկյանը: