ժողովրդի թեկնածուն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է
Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ առաջադրած թեկնածու Ռոբերտ Սարգսյանին ճանաչում եմ ծնված օրվանից: ՀՀԿ նվիրյալ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը:
«Մենք ճիշտ ընտրություն ենք կատարել: Այն, որ նա Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրն է, դա ոչ թե նսեմացնում է նրա արժեքները, այլ բարձրացնում է, քանի որ Տարոնը Անդրանիկ Մարգարյանի որդին է: Ես էլ եմ աներձագ, ես էլ եմ հայտնի մարդու փեսա եղել: Մինչ օրս էլ դա ինձ խանգարում է: Մի քառասուն տարի առաջ Ադամյանի փեսան եմ եղել, ու դա ինձ միշտ խանգարել է: Ես՝ որպես ՀՀԿ ծերակույտի ներկայացուցիչ, վստահեցնում եմ՝ նա լավ ծնողների որդի է: Նրա հայրն ու ես մանկության ընկերներ ենք եղել»,- նշեց նա:
Համլետ Հարությունյանը հավելեց, որ ՀՀԿ-ն հնարավորինս սատարելու է, որ այդ ընտրատարածքում ընտրվի իրենց առաջադրած թեկնածուն:
Անդրադառնալով 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից հնարավոր միասնական թեկնածուով հանդես գալուն, ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց. «Բոլորը խոսում են ընդդիմության կամ կիսաընդդիմության թեկնածուի մասին, սակայն ոչ մեկը չի խոսում ժողովրդի թեկնածուի մասին: Իմ կարծիքով, ժողովրդի թեկնածուն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է, ով քաղաքական մրցակից չունի»: