«Մայր Թերեզա» և Վարդան Օսկանյան համեմատությունը մերժում եմ
«Եթե Օսկանյանը ցանկացած հայ քաղաքացու նման համագործակցեր Դատախազության հետ, ապա անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն չէր լինի: Մեկն ասում է, թե ՀՀԿ-ն հանձնեց, մեկն ասում է՝ ԲՀԿ-ն, մյուսը՝ ՀԱԿ-ը. ամեն մեկն իր տեսանկյունից է խոսում: Հիմա, եթե Օսկանյանը որոշի էլի ցուցմունք չտալ, դա արդեն իր ու Դատախազության խնդիրն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը` հավելելով, թե ինքը Վարդան Օսկանյանի գործում քաղաքական պատվեր չի տեսնում:
Հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն նույն կերպ կքվեարկեր, եթե Վարդան Օսկանյանի փոխարեն լիներ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը կամ Հանրապետական մեկ այլ պատգամավոր, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Նույն կերպ: Ինչո՞ւ եք ուրիշի վրա օրինակ բերում, եթե ես լինեի, ես կհամագործակցեի Դատախազության հետ ու կպահեի իմ անձեռնմխելիությունը»:
Նա հավելեց, որ Վ. Օսկանյանի գործի մեջ զարմանալի որևէ բան չկա: «Ինչո՞ւ եք այս հարցը դարձրել… Ինչո՞ւ եք ուռճացնում: Դուք երևի լավ չեք պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում անձեռնմխելիությունից զրկել: Նա պատգամավոր է մնում, լիարժեք պատգամավորական ստատուսով: Ընդամենը Օսկանյանը պետք է գնա, ցուցմունք տա: Եթե պարզվեց, որ արդար է՝ մենք մեր սրտի դեմ մաքուր կլինենք»,- ասաց Հ. Հարությունյանը:
Անդրադառնալով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի օրերս հնչեցրած տեսակետին, ըստ որի` եթե Վարդան Օսկանյանը լիներ ՀՀԿ-ում՝ կլիներ ՀՀԿ-ի «Մայր Թերեզան», և նրա նկատմամբ մեղադրանք չէր առաջադրվի, ՀՀԿ պատգամավորը մեկնաբանեց. ««Մայր Թերեզա» արտահայտությունը քաղաքական կատեգորիա չէ. Մայր Թերեզան կոնկրետ այլ բնագավառի մարդ է: «Մայր Թերեզա» և Վարդան Օսկանյան համեմատությունը մերժում եմ: Ուզում է՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ասած լինի, ուզում է` Իսկանդար Ալեքսանյանը»: