«Հավանաբար, իշխանությունը բավարարում է մարդկանց պահանջները»

Վրաստանում կայացած նախագահական ընտրություններն ու ընդդիմության հաղթանակը Հայաստանի ներքին, արտաքին կյանքի վրա որևիցե ազդեցություն ունենալ չեն կարող: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը:

«Արաբական աշուն, վրացական վարդեր. յուրաքանչյուր պետություն ունի իր ներքին խնդիրները։ Մենք ունենք մեր ճանապարհը, արտաքին ազդեցություններն էական նշանակություն մեր ներքին ու արտաքին կյանքի վրա ունենալ չեն կարող»,– ասաց Համլետ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է վրացահայ համայնքին, բանախոսը նշեց, որ համայնքի դրությունն, իր կարծիքով, անփոփոխ է: «Մեծ փոփոխությունների սպասելիքներ չունեմ: Հայերն ապրում են այնտեղ իրենց օրրանում: Կարծում եմ, որ հայ-վարացական հարաբերությունների փոփոխությունը դրական տեղաշարժ կունենա միայն վրաց-ռուսական հարաբերությունների ջերմացման պարագայում: Ահա այս կոնտեքստում մենք կօգտվենք»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ հայ համայնքի նկատմամբ լուրջ ճնշումներ վրացական նորընտիր իշխանությունների կողմից ինքը չի տեսնում:

Անդրադառնալով հաղթանակած «Վրացական երազանք» կուսակցությունների դաշինքի նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտնի հարցազրույցին՝ Համլետ Հարությունյանն այն որակեց՝ պարզապես «համեմատություն»: «Մարդն ընդամենը համեմատել է, ըստ որում՝ միայն դրական համատեքստում։ Եվ, առհասարակ, ես կարծում եմ, որ մենք՝  հայերս, շատ զգայուն ենք արձագանքում նման հայտարարություններին»:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ մինչ օրս Հայաստանում ընդդիմությունը չի եկել իշխանության, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դեռ պարզ չէ` ընդդիմությունն ինչ կանի, քանի որ նախագահական ընտրություններն առջևում են: Ես չեմ կարող ասել, թե ինչո՞ւ Հայաստանի ընդդիմությունը չի կարողանում հաղթել: Հավանաբար, իշխանությունը բավարարում է մարդկանց պահանջները»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս