Ադրբեջանը նոր պատերազմով է սպառնում. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Reuters» գործակալությանը և Ադրբեջանին մեղադրել նոր պատերազմով սպառնալու համար։

Ըստ Tert.am-ի` Սերժ Սարգսյանն ասել է, թե Ադրբեջանն «ահավոր մեծ քանակի» զինամթերք է կուտակում՝ նախապատրաստվելով պատերազմի վերսկսմանը:

Նա նշել է, որ Հայաստանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել բանակցային ճանապարհով և ջանքեր չի խնայելու դրան հասնելու համար։

«Այժմ՝ հրադադարի համաձայնագրի կնքումից 18 տարի անց, Ադրբեջանը մեզ սպառնում է նոր պատերազմով»,- ասել է ՀՀ նախագահը՝ Երևանում կայացած հարցազրույցի ընթացքում։

«Reuters»-ը հիշեցնում է, որ ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի խախտման դեպքերն ինտենսիվ են դարձել՝ մեծացնելով ռիսկը տարածաշրջանում, որտեղ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը շահեր ունեն։

«Երբ ես ասում եմ Ադրբեջանում հայատյացություն կա, երբ ասում եմ, որ Ադրբեջանը վտանգավոր ծավալի զինամթերք է հավաքում և պատրաստվում է վերսկսել ռազմական գործողություններն ու հակամարտությունը լուծել այդ ճանապարհով, դա չի նշանակում, որ կարիք չկա բանակցությունները շարունակելու»,- ասել է նախագահը։

Գործակալությունը հիշեցնում է, որ երկու երկրների միջև լարվածությունն ավելացել է այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջան ուղարկեց ադրբեջանցի սպային, ով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի լեզվի դասընթացների ընթացքում սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարդասպանին ներում շնորհեց, երբ նա, օգոստոսին, որպես հերոս վերադարձավ Ադրբեջան։

Ադրբեջանական կողմն ասում է, թե Ալիևը գործել է օրենքի շրջանակներում՝ ուշադրություն չդարձնելով հարցի շուրջ միջազգային քննադատությանը։

Այս մասով Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռամիլ Սաֆարովի ներումը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել։

«Դա մեկ անգամ ևս վերահաստատում է մեր տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ապագա չունի Ադրբեջանի տարածքում»,- ասել է նա։

«Reuters»-ը հիշեցնում է, որ Հայաստանը հավաքական անվտանգության համաձայնագիր ունի Ռուսաստանի, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ։

Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները տարիներ շարունակ միջնորդական առաքելություն են իրականացնում ԵԱՀԿ շրջանակներում, սակայն ուղղակի շփումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ այս հարցի վերաբերյալ, դադարել է ադրբեջանցի սպայի ներումից հետո` գրում է «Reuters»-ը։

Tert.am-ի` փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման լուծում գտնելու համար։ Նա ասել է, որ Ադրբեջանը խախտում է Եվրոպական պայմանագրերը, որով սահմանափակվում են կոնկրետ երկրի զենքի թույլատրելի քանակը։ Տեսուչները տեսնում են դա, սակայն ոչ մի գործողություն չեն ձեռնարկում:

Հարցին, թե արդյո՞ք վստահ է, որ տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ վստահ է։ «Առնվազն հավատում են, որ ես երբեք չեմ տեսնելու Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա ինքնին հսկայական հաջողություն է»,- ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս