Մերգելյան ինստիտուտը կդառնա ժամանակակից գիտաարտադրական կենտրոն
Մերգելյան ինստիտուտը կդառնա ժամանակակից, 21-րդ դարին համապատասխան գիտաարտադրական կենտրոն: Ինստիտուտի շինարարական և վերանորոգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, սակայն արդեն իսկ ստացվել են առաջին հայտերն արտասահմանյան ընկերությունների կողմից, ովքեր ցանկանում են այդ տարածքում ստեղծել իրենց ընկերությունը:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով` արդեն իսկ կանադական մի ընկերություն ցանկություն է հայտնել հենց այդ տարածքում տեղակայվելու, և երկու այլ երկրների ընկերությունների հետ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են: «Մեր նպատակն է՝ ներգրավել նոր ընկերությունների, որոնք առավել կարևոր են մեր երկրի և մեր տնտեսության զարգացման համար: Այսինքն՝ Հայաստան բերել այնպիսի ընկերությունների, որոնք ընդհանրապես նոր են մեր իրականության համար»,- ասաց Տ. Դավթյանը: Նախարարի խոսքով՝ Մերգելյան ինստիտուտի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան, որոնք վերաբերում են և՛ արտադրական, և՛ արտահանման, և՛ տեխնոլոգիական տարբեր ձևաչափերի միջոցառումների կազմակերպմանը:
Նշենք, որ նմանատիպ միջոցառումներից առաջինը Մերգելյան ինստիտուտի տարածքում մեկնարկեց այսօր: Խոսքը «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի մասին է: Ըստ Տ. Դավթյանի՝ տարեցտարի մեծանում է ցուցահանդեսի թե՛ մասնակիցների և թե՛ նրանց ներկայացրած ծրագրերի քանակը:
«Կարծում եմ, այս ցուցահանդեսն աննախադեպ էր իր մասշտաբներով, և ուրախալի է, որ հիմնականում դրանք նորարարական ծրագրեր են՝ Հայաստանում ձևավորված գաղափարներ են և այդ գաղափարների առարկայական ներկայացումը»,- ասաց Տ. Դավթյանը՝ ավելացնելով, որ այս միջոցառման միջոցով, ասես, նոր վերածնունդ է տրվում Մերգելյան ինստիտուտին, որը մոտ ապագայում կարող է ժամանակակից պահանջներին համապատասխան լավագույն գիտաարտադրական կենտրոնը լինել Հայաստանում:
«Մերգելյան ինստիտուտն, ասես, «վերակենդանանում» է և վերականգնում իր գիտատեխնիկական համբավը: Սա ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև ընդհանրապես գիտաարտադրական համալիր է լինելու, որտեղ գործելու են տարբեր ոլորտի ընկերություններ»,- ասաց Տ. Դավթյանը:
,