Բաժիններ՝

Հ. Բագրատյան. «Եկեք ու ասեք, որ ես սխալ եմ»

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ազգային ժողովում իր արած տնտեսական հարցադրումներին և դրանց արձագանքին։ Հրանտ Բագրատյանը  գրել է.
«Կենտրոնական բանկի և կառավարության հաշվետվության քննարկման ժամանակ արած իմ հարցադրումները հունից հանել են կառավարությանը և իշխող վերնախավին։ Այսպես, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե ես վիրավորել եմ իրենց, և ուրեմն ինքն էլ մեզ պետք է վիրավորի։ Արտակ Զաքարյանն իր հարցազրույցում իմ հարցադրումները համարեց քաղաքական։ Սրա հետ կապված՝ ուզում եմ նկատել հետևյալը.

1. Նախ՝ ես կառավարությանը չեմ վիրավորել։ Կենտրոնական բանկի (և ոչ թե կառավարության) հասցեին ասել եմ՝ ներկայացրած հաշվետվությունը աղբ է։ Եվ սա կառավարության հետ հեչ կապ չունի։ Կամ մի՞թե աղբ տերմինը տվյալ դեպքում վիրավորական է։ Այն քաղաքական գնահատական է մի փաստաթղթի, որը նույնիսկ աղբ չէ. ոչ մի բան է։

2. Այս առիթը Տիգրան Սարգսյանն օգտագործեց բանավեճից խուսափելու համար։

3. Իմ ելույթը քաղաքական չի եղել, այլ չոր մասնագիտական։ ԿԲ-ի նկատմամբ արվել է 16 շատ կոնկրետ հարցադրում, կառավարության բյուջեի նկատմամբ՝ 9։ Ոչ մի պատասխան։ Ասում եմ՝ ինչո՞ւ եք վերցրել 4.7% գնաճը 7.7%-ի փոխարեն, ո՞ր օրենքով։ Ինչո՞ւ, օրինակ, դեֆլյատորը հաշվելիս այլ մոտեցում եք ցուցաբերել։ Պատասխան էլի չկա։ Ասում ենք՝ եթե գնաճը 7.7% է, իսկ աշխատավարձը աճել է 5.9%-ով (բոլոր թվերը պաշտոնական են), ուրեմն 1.8%-ով վա՞տ ենք ապրում։ Ինչպե՞ս կարելի է խոսել աճի մասին։ Պատասխան չկա։ Ասում ենք՝ մոտ 2 միլիարդ դոլար պահուստներով գնել եք արժեքներ, որոնք վնաս են բերում, ո՞վ է պատժվելու։ Պատասխան չկա։ Ասում ենք՝ Ֆոնդային բորսան ինչո՞ւ եք տվել ԿԲ-ին, ու հիմա այդ բորսան բացակայում է։ Պատասխանում են՝ որովհետև 20 տարի առաջ դուք վաուչերային սեփականաշնորհում եք արել ու տնտեսությունը կենտրոնացրել եք։ Կներեք, բայց վաուչերային սեփականաշնորհումը (մի կողմ թողնենք՝ ճի՞շտ է, թե՞ սխալ) միայն կարող է ցրել, ապակենտրոնացնել, և ոչ թե հակառակը։ Ավելին, 90-ականներին այն ընդունել էր ԱԺՄ-ն՝ նույն Տ. Սարգսյանի պնդմամբ։ Այն ժամանակ դուք օպոզիցիա էիք։ Մենք էլ ի վերջո հարգեցինք ձեր մոտեցումը։ Եվ ուրեմն, ինչպե՞ս կարելի է լուրջ հարցերին նման թեթևամիտ պատասխան տալ։ Չէ, այս իշխանությունները կարող են միայն խաբել։ Օգտվելով առիթից՝ և վարչապետին, և ԿԲ նախագահին առաջին դեմքի մակարդակով (ինչպես հարիր է նախկին վարչապետին) նորից հրավիրում եմ հեռուստաբանավեճի։ Եկեք ու ասեք, որ ես սխալ եմ»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս