Բաժիններ՝

«Գեղեցիկ խոսքերից բացի կոնկրետ գործով ենք փորձում ցույց տալ մեր վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ». Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2012» տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրած տեղական և արտասահմանյան հարյուրից ավելի կազմակերպությունների տաղավարներում, ծանոթացել ցուցադրանյութերին՝ ՏՏ սարքավորումների և համակարգերի, ինժեներական և բարձր տեխնոլոգիական, մոբայլ, համակարգչային գրաֆիկայի և մուլտիմեդիայի, ֆինանսաբանկային և նորարարական լուծումներին, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման հնարավորություններին:

 

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագահը ցուցահանդեսի շրջանակում ներկա է գտնվել նաև հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու նպատակով՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրմանը:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագրի շրջանակներում «ԴիջիԹեք էքսպո»-ում ցուցադրված աշխատանքներին, որոնց ստեղծմանն իրենց ուսուցիչների հետ ակտիվ մասնակցություն են ունեցել նաև հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների տաղանդավոր աշակերտներ:

Նախագահը ցուցահանդեսին մասնակցող ուսուցիչներին շնորհավորել է ցուցադրությանն արժանավայել ներկայանալու և նաև մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Սերժ Սարգսյանը, ի դեմս նրանց՝ տոնի առթիվ շնորհավորել է նաև Հայաստանի բոլոր ուսուցիչներին:

«Ուսուցիչների և նրանց աշխատանքի վերաբերյալ գեղեցիկ խոսքեր ասելը երևի ամենահեշտն է. մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում բազմաթիվ առիթներ է ունեցել հիացմունքի ու շնորհակալության խոսքեր ասելու իր ուսուցիչներին: Եվ իսկապես հրաշալի է, որ մենք սերնդե սերունդ կարողանում ենք գիտակցել ու արժևորել ուսուցչի առաքելությունն ու մեծ դերը: Դա նշանակում է, որ մենք հասկանում ու ընկալում ենք նաև կրթության դերը:

Այսօր մենք, որպես պետություն, գեղեցիկ խոսքերից բացի կոնկրետ գործով ենք փորձում ցույց տալ մեր վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ: Այն ամենը, ինչ մենք սկսել ենք ու արդեն իսկ ծրագրել ենք, մեկ նպատակ ունի. անընդհատ բարձրացնել կրթության դերը և ուսուցչի առաքելությունը մեր հասարակության մեջ, ապահովել ձեր արժանապատիվ հասարակական դիրքն ու ստեղծագործելու ազատությունը:

Կրկին շնորհավորում եմ ձեզ և Հայաստանի բոլոր ուսուցիչներին, մաղթում եմ անսպառ եռանդ և ուշիմ աշակերտներ: Հաջողություն ձեզ: Շնորհակալ եմ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս