Ղուկասյանը հրաժարական է տալու
ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հաստատել է այն լուրերը, թե ինքն առաջիկայում պատրաստվում է հրաժարական տալ.
«Այո»,- հակիրճ պատասխանել է գործող քաղաքապետը: Իսկ հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք Ձեր որոշումն է, թե՞ այդպես պարտադրել են իշխանությունները, Վ. Ղուկասյանը պատասխանել է. «Այդ մասին հարցրեք համապատասխան մարդկանց»:
Վերջին օրերին նաև շատ է խոսվում այն մասին, թե քաղաքապետարանից գույքի տեղափոխում է կատարվում` հատկապես երեկոյան ժամերին: Հավաստի՞ են արդյոք այս խոսակցությունները` հարցին ի պատասխան, Վարդան Ղուկասյանն ասել է. «Գույքի տեղափոխում ընդհանրապես չի կատարվում, ուրեմն մենք ինչ որ ժառանգեցինք՝ ունիտազ, լվացարան` դրանցից բռնած չի եղել, բայց մենք էնպիսի մի հատ քաղաքապետարան ենք թողնում, որ հավանական է ՀՀ-ում նմանատիպը չկա, էդ մեկ: Երկրորդ հերթին՝ կան մարդիկ, որ իրենց սեփականությունը բերել դրել են, դա կարող են տանել, իրենց անձնական գույքն է, բայց պետական գույքը ոչ ոք չի տանում, էղա՞վ»:
Հիշեցնենք, որ Գյուրմրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորություններն ավարտվում են նոյեմբերի 12-ին: Սակայն, ինչպես 168.am-ը տեղեկացրել էր` ՀՀ իշխանությունները պարտադրել են Վ. Ղուկասյանին հոկտեմբերի 9-ին դիմում ներկայացնել և կամովին ազատել պաշտոնը: Սա, ըստ մեր աղբյուրների` Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին հնարավորություն կտա որպես քաղաքապետ ընդունել հոկտեմբերի 12-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին: