Փոխանակում՝ հավելավճարով. Կառավարությունը վաճառեց ԱԳՆ-ի շենքը
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց օտարել Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը: Ըստ պաշտոնական տեղեկանքի, կառավարական թիվ 2 մասնաշենքի հասցեում գտնվող 14.241.9 քմ մակերեսով շենք, շինությունները ու դրանց սպասարկման եւ օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասը վաճառքի ձևով օտարվում է «Տանգո» ընկերությանը՝ այս տարվա հոկտեմբերի 2-ի դրությամբ ` 20 միլիարդ 692 միլիոն դրամով:
«Տանգո»-ն, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էրնեկյանին։
Ի դեպ, կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված է որ գինը կարող է փոփոխվել՝ կապված դոլարի փոխարժեքից։ Գույքի գինը գնահատվել է դոլարային հիմքի վրա՝ 51 միլիոն դոլար։
Եվս մի ուշագրավ հանգամանք. «Տանգո» ՓԲԸ-ն գումարն ամբողջությամբ չի վճարելու։ 20.6 միլիարդի մի մասի դիմաց ընկերությունը պետությանն է հանձնելու է գույքի տեսքով։
«Գույքի վաճառքի գնի մի մասի դիմաց գնորդը պարտավորվում է մինչև 2015 թ սեպտեմբերի 1-ը պետությանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշմամբ օտարվող գույքի սեփականատեր և գնորդի դուստր հանդիսացող` <Սալսա Դիվելոփմենթ> փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք.Երևան Վ.Սարգսյան3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը, վրան կառուցված շենքն ավարտված վիճակում (առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշման հավելվածի համաձայն նախկին սեփականատերերին տրամադրվելիք տարածքները ներառող մասնաշենքի), կապալառուներին վճարումներից առաջացած դեբետագրված ԱԱՀ-ն, իսկ պարտավորությունները չեն գերազանցի 100 հազար ՀՀ դրամը: Ընդ որում` բաժնետոմսերը հանձնվում են առանց շենքի սպասարկման համար էլեկտրաէներգիայի, գազի, խմելու ջրի ու կոյուղու, ֆիքսված հեռախոսակապի միացման պայմանագրերի կնքման և հաշվիչների ձեռք բերման»,- նշվում է պաշտոնական տեղեկանքում:
Թե որքան է գնահատվում Վ.Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը՝ իր անավարտ շինությամբ, չի նշվում։