Բաժիններ՝

Կստեղծվի Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիա

Հայաստանի ճարտարագիտական համալասրանի տարածքում կստեղծվի Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիա, ինչի վերաբերյալ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Միացյալ նահանգների կառավարությունների հետ:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ նոր լաբորատորիան հնարավորություն կտա պատրաստել տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ մասնագետների և լուրջ հեղափոխություն կարող է առաջացնել Հայաստանում:

«Տարեկան մոտ 2000 ուսանող կարող է անցնել այդ լաբորատորիայով և կրթվել: Արդյունքում արդեն մենք լուրջ թվով կադրեր կունենանք, ինչը ամենակարևոր խնդիրներից է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ասաց Կ. Վարդանյանը՝ նշելով, որ կադրերի ավելացումը կարող է նաև դրսի բազմաթիվ խոշոր ընկերությունների համար խթան հանդիսանալ և արդյունքում կարող են խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մասնաճյուղեր ստեղծվել Հայաստանում:

«Ամենակարևորը, իհարկե, լաբորատորիան ստեղծելուց հետո անհրաժեշտ է մտածել այդ կադրերին աշխատանքի տեղավորելու մասին, դրա համար հատուկ ծրագիր է անհրաժեշտ: Այս հարցի առնչությամբ մենք դիմել ենք ՀՀ նախագահին՝ հովանավորելու այդ ծրագիրը»,- ասաց Կ. Վարդանյանը:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին, թե որքա՞ն արժե Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիա ստեղծելու ծրագիրը, Կ. Վարդանյանը պատասխանեց, որ ծրագիրն արժե 6 մլն դոլար, որից 3 միլիոնը հատկացրել է ամերիկյան կողմը, իսկ 3 մլն էլ` Հայաստանի կառավարությունը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և «National Instruments» ընկերությունը՝ յուրաքանյուրը 1-ական մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս