Մենք այս տեմպերով ո՞ւր ենք գնում
Այսօր ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով 2011թ. պետական բյուջեի կատարողականին, ասաց. «Այսպիսի կատարողականով հնարավո՞ր է հավանություն տալ մի Կառավարության, որը որ պետք է մեր առջև ծառացած շատ ավելի լուրջ մարտահրավերների հաղթահարման ծրագրեր ներկայացնի: Կարծում եմ՝ ոչ, այս մտայնությամբ , մոտեցումով է, որ մենք քվեարկել ենք այն ժամանակ դեմ, և հիմա էլ ենք դեմ այս կատարողականին»:
Պատգամավորն ասաց, որ կատարված հարկաբյուջետային քաղաքականությունը հանգեցրել է ՀՀ տնտեսության մեջ մենաշնորհների մեծացմանը, ապա, խոսելով ՀՆԱ-ի հարկային մուտքերի մասին, ասաց, որ կատարողականի մեջ աճ է արձանագրվել ընդամենը 0,11%: «Մենք այս տեմպերով, այս որակով ո՞ւր ենք ուզում գնալ: Ի՞նչ մարտահրավեր կարող ենք հաղթահարել, երբ ստվերայնությամբ այս բարձր պայմաններում տնտեսության մեջ մեր հարկային մուտքերը կազմում են ընդամենը 16,5 %: Սա ճանապարհ չէ, սա լուծում չէ: Կամ մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր միջոցառումների մասին, բացի այդ, կատարողականի մեջ գրված է, որ մեզ մոտ ներդրված է պետական գնումների համակարգ, ուղիղ եմ ասում ՝ բացեք-կարդացեք, որը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին: Լավ, եթե այդ գնումների համակարգը համապատասխանում է միջազգային փորձին՝ և՛ նախագահը, և՛ վարչապետը սուր քննադատության են ենթարկում, հիմա որի՞ն հավատանք՝ գրվածի՞ն, թե՞ ասվածին: Դատողությունը թողնում եմ ձեզ»,- ասաց Ա. Մինասյանը: