«Ի տարբերություն Գալուստ Սահակյանի, ես հավատում եմ, որ այդ հայտարարությունը Քոչարյանն է արել».Ռիչարդ Կիրակոսյան
«Ես ուզում եմ առանձնացնել 5 առանձնահատուկ կետեր Օսկանյանի գործի վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Առաջին հետաքրքիր հանգամանքն անմեղության կանխավարկածն է: Այլ խոսքերով ասած` անմեղության ապացույցի բեռն իշխանությունների ուսերին է, ոչ թե Օսկանյանի: Իշխանությունը պետք է ապացուցի, Օսկանյանը մեղավոր է, և Օսկանյանը պարտավոր չէ ապացուցելու, որ ինքն անմեղ է: Եվ երբ նայում ենք Աղվան Հովսեփյանի հիասթափեցնող ելույթին, թվում է, թե նույնիսկ գլխավոր դատախազը չի հասկանում գործի էությունը, որովհետև սա փողերի լվացում չէ և երբեք չի եղել:
Երկրորդ հանգամանքը, որը քննադատության է ենթակա, գործի հարուցման համար ընտրված ժամանակահատվածն է: Այո´, սա քաղաքականացված գործընթաց է, այսինքն` կառավարության կողմից գործի հարուցման համար ընտրված ժամանակը խիստ կասկածելի է:
Երրորդ կետը վերաբերում է խորհրդարանին: Օսկանյանի գործի վերաբերյալ լսումներում ինձ ամենից շատ անհանգստացնում է այն, որ գոյություն ունեն ավելի շատ և ավելի լուրջ խախտումներ խորհրդարանի պատգամավորների կողմից` հատկապես օլիգարխների կողմից:
Չորրորդ` սա փորձություն է Հայաստանում օրենքի իշխանության համար: Սա նաև քննություն է Հայաստանի միջազգային հեղինակության համար:
Եվ հինգերորդ` աա չի վերաբերում միայն Օսկանյանին և «Սիվիլիթասին». թվում է, որ սա «մեսսիջ» է նաև ուրիշներին, օրինակ, Գագիկ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին: Սակայն մենք տեսնում ենք շատ հետաքրքիր հակասություն. պառլամենտում Օսկանյանի գործի լսումները հանգեցրեցին նոր զարգացումների: Հայաստանի իշխանությունը գիտակցաբար կամ անգիտակցաբար բարձրացնում է Օսկանյանին` որպես քաղաքական զոհ: Այլ խոսքերով` նույնիսկ Աղվան Հովսեփյանը նույնպես գիտակցաբար կամ անգիտակցաբար աջակցում է Օսկանյանին նախընտրական պայքարում: Այսինքն` իմ հիմնական կարծիքն այս ամենի վերաբերյալ այն է, որ ես ո´չ քննադատում եմ, ո´չ էլ աջակցում եմ Օսկանյանին` որպես անհատ: Բայց ես պաշտպանում եմ նրա իրավունքը և անմեղության կանխավարկածը»,- ասաց Ռ.Կիրակոսյանը:
Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե սա կոնկրետ ի՞նչ ուղերձ էր Գ.Ծառուկյանին և Ռ.Քոչարյանին, Ռ.Կիրակոսյանը պատասխանեց, որ սա ուղերձ էր ոչ միայն Օսկանյանին, այլև «Բարգավաճ Հայաստանին» և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հիշեցնելով, որ նման դեպքեր արդեն տեղի են ունեցել նախկինում` Քոչարյանին իշխանավարման տարիներին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիությունը օգտագործելով ` չթողեցին նրան մասնակցելու նախագահական ընտրություններին և երբ խաղում էին Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության հետ:
Իսկ մեկ այլ հարցին, թե`այդ պարագայում ինչպե՞ս կբացատրեք Ծառուկյանի լռությունը և Քոչարյանի հայտարարությունն ու աջակցությունը Օսկանյանին, փորձագետը պատասխանեց. «Ամենահեշտ պատասխանն այդ հարցին այն է, որ ես երբեք գլուխ չեմ հանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և երբեք չեմ եղել նրա երկրպագուն, և չգիտեմ այդ հարցի պատասխանը: Սակայն, ի տարբերություն Գալուստ Սահակյանի, ես հավատում եմ, որ այդ հայտարարությունը Քոչարյանն է արել»: