«Օսկանյանը «քյարթու», սովետական տիպի կարիերիստ, չինովնիկ գործիչ է եղել իր պաշտոնում». Կարապետ Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, 168.am-ի հետ զրույցում` խոսելով Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի և նրան պատգամավորական մանդատից զրկելու մասին, նշեց, որ Օսկանյանի նկատմամբ իր վերաբերմունքը խիստ բացասական է` պայմանավորված Մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ նրա դերակատարությամբ:
Միաժամանակ նա կարծում է, որ Վ. Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: «Կասկած չունեմ, որ, եթե Օսկանյանը մնար Սերժ Սարգսյանի թիմակիցը, ապա իրեն, ինչպես շատ-շատերին, կներվեր շատ ավելի վատ բաներ, քան հիմա մեղսագրվում է իրեն»,- ասաց Կարապետ Ռուբինյանը` ավելացնելով, թե ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» ժողովրդի գիտակցության մեջ ամրապնդվի՝ որպես ընդդիմադիր ուժ: Կ. Ռուբինյանը չի բացառում նաև, որ Օսկանյանը կարող է խաղալիք լինել այս գործընթացի մեջ: «Սակայն այնքան էլ հակված չեմ հավատալու այդ տարբերակին: Ավելի հավանական եմ համարում, որ այս ամենն արվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ինչ-որ բան հասկացնելու ու պարտադրելու համար»,- ասաց նա:
Պատասխանելով մեր դիտարկմանը, թե Վ. Օսկանյանը միշտ ընկալվել է՝ որպես արևմտյան հայացքներ ունեցող գործիչ, սակայն նրա պաշտպանությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի հայերի միությունը, Կ.Ռուբինյանն ասաց. «Երբ նայում ենք նրա գործունեությանը, ապա նրա պաշտոնավարման ընթացքում ոչ մի ամերիկամետ բան չենք տեսնում: Էդ ի՞նչ արևմտամետ գործեր է արել` լինելով արտգործնախարար, էդ ո՞նց էր, օրինակ, պաշտպանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատականության եվրոպական, համամարդկային արժեքները: Եթե նայում ենք իր գործունեությանը, նա ավելի շուտ «քյարթու», սովետական տիպի կարիերիստ, չինովնիկ գործիչ է եղել իր պաշտոնում: Պաշտոնը լքելուց հետո, իհարկե, էական փոփոխություններ է կրել և շատ արագ, որը նույնպես վստահություն չի ներշնչում»:
Կ. Ռուբինյանը նաև հավելեց, թե մինչև վերջ արդարամիտ լինելու համար պետք է նաև գովասանքի խոսքեր ասի «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության մասին:
«Այդ առումով` պաշտպանության արժանի են, որովհետև, փառք Աստծո, դեռ Օսկանյանը չի հասցրել ամբողջովին ծառայեցնել կազմակերպությունը «Բարգավաճին», և, ըստ էության, «Սիվիլիթասի» գործունեությունը դրական է թե՛ անկախ մամուլի, թե՛ այլընտրանքային կարծիքներ ներկայացնելու առումով: Ես էլ շատ կափսոսամ, եթե «Սիվիլիթասը» կործանվի»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:
Կարապետ Ռուբինյանի հետ հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: