«Ես կոֆեի բաժակ չեմ նայում, չեմ կարող ասել»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր էդուարդ Շարմազանովը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելով՝ արդյո՞ք առճակատում չի սկսվի ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև, ասաց.

«Մենք որևէ մեկի հետ առճակատման ոչ խնդիր ունենք, ոչ էլ առճակատման գնալու խնդիր ունենք: Մեզ համար Հայաստանը մեկն է: Դա բոլորիս Հայաստանն է, դա այն Հայաստանն է, որտեղ կան մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, vm  ազգային արժեքներ, ի վերջո, կոռեկտություն, քաղաքական բանավեճ, բայց կոռեկտության սահմաններում: Եվ այս տարիների ընթացքում ՀՀԿ-ն՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, սա ապացուցել է, որ ամենապետականամետ, ամենահանդուրժող և ամենաշատ դիալոգի գնացող ուժն է, էստեղ որևէ խնդիր չկա: Մնացածն արդեն այլ ուժերի իրավունքն է, թե ինչպես կվերաբերվեն»:

Իսկ հարցին, թե՝ երեկ միջնորդությանը դեմ քվեարկած 6 պատգամավորներն արդյո՞ք ՀՀԿ-ից են, Է. Շարմազանովը պատասխանեց. «Ես կոֆեի բաժակ չեմ նայում, չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ 168.am-ի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ Վ.Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին երեկվա քվեարկության ժամանակ դեմ քվեարկած 6 պատգամավորները հաստատ ՕԵԿ-ից չեն եղել: Հիշեցնենք նաև, որ երեկվա քվեարկությանը մասնակցել են միայն ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն, ԱԺ մյուս քաղաքական ուժերը բոյկոտել էին:

 

Տեսանյութեր

Լրահոս