Բաժիններ՝

Հրահանգը կատարված է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական աճը 2012  թ. արդեն կազմում է 7%: Վարչապետն այդ գնահատականը տվել է՝ հիմնվելով Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումների վրա։

Վարչապետը նշել է, որ 2011 թվականի առաջին խնդիրը տնտեսական աճի շարունակականության ապահովումն էր, ինչը կարծես հաջողվել է. այսպես, տնտեսական աճը 2010 թ. եղել է 2%, իսկ 2011 թ.՝ 4,6%, իսկ ընթացիկ տարում՝ արդեն 7%։ Մի քիչ ջանք թափելու դեպքում՝ չի բացառվում, որ հասցնեն նաև 8-9%-ի։

Սակայն, մյուս կողմից՝ չարչարվելու կարիք չկա, հարկավոր է միայն այնպես անել, որ տեմպը պահպանվի, և տնտեսական աճի ցուցանիշը տարեվերջին 7%-ից պակաս չլինի։ Ինչո՞ւ։ Որովհետև տնտեսական աճի նշաձողն ամիսներ առաջ սահմանել էր հանրապետության նախագահը՝ հրահանգելով այս տարվա համար ապահովել նվազագույնը 7%։

Դե, հայրենի  կառավարության համար, ինչպես հայտնի է, նախագահի բանավոր հրահանգն ավելի կարևոր է, քան, ասենք, բյուջեով նախատեսված ցուցանիշի ապահովումը։ Լծվեցին գործի և, փաստորեն, արդեն կարող են հանգիստ շունչ քաշել։ Ճիշտ է, ցուցանիշի ապահովման համար չեն խորշել նաև մանր-մունր տրյուկներից (օրինակ, նախորդ տարվա ՀՆԱ-ն «ճշգրտվելուց»  հետո փոքր-ինչ նվազել էր՝ ապահովելով ընթացիկ ՀՆԱ-ի աճի ավելացում 1 տոկոսային կետով, և այլն), սակայն նպատակն արդարացնում է միջոցները։

Կարդացեք նաև

Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո կառավարությունը մշակել և իրականացրել է հակաճգնաժամային քաղաքականություն՝ ապահովելու տնտեսության դիվերսիֆիկացիան, նաև՝ անցում է կատարել արդյունաբերական քաղաքականության։ Դե, իհարկե, քանի որ հանձնարարությունն արդեն գրեթե կատարված է, կարելի է նաև մի քիչ խոսել այդ մասին և մի թեթև «անհամեստություն» անել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս