Այս հայտարարությունը նման չէ երկրորդ նախագահի լեքսիկոնին. Գալուստ Սահակյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի հավատում, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից տարածված հայտարարությունը իրականում արել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ես, իհարկե, կարող էի մեկնաբանել այդ հայտարարությունը, բայց այդ հայտարարության տակ որևէ ստորագրություն չկա: Չեմ կարծում, որ այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանն իր բնավորությունը փոխեր»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Սա պարզապես հայտարարություն է, որը նման է ոչ երկրորդ նախագահի լեքսիկոնին, ոչ էլ նման է իր գործունեության ընթացքում ձեռք բերված բնավորության մոտիվացիային»,- կարծիք է հայտնել ՀՀԿ-ական գործիչը:
ԳԱԼԱ-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ պետք է ասեր Ռոբերտ Քոչարյանը, որ հավատայիք` ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ մեր մոտ արդեն նախադեպեր են եղել, սցենարներ են հյուսվում, որ նախկին նախագահները որոշակի ժամանակ լռում են, և ինչ-որ մի բան ասում են, բայց հավաստի չեն»:
Գալուստ Սահակյան այս հայտարարությունը ծիծաղեցրել է Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին: Հարցին, թե ո՞վ է հայտարարության տեքստի հեղինակը, Սողոմոնյանը նախ զարմացել է, հետո` լսելով Գալուստ Սահակյանի կասկածների մասին, հավելել է. «Ուրեմն թող Գալուստ Սահակյանը պատասխանի, թե ով կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարության հեղինակը»: