«Մեր ժողովուրդն իր հույսերը դեռևս կապում է բարի թագավորի հետ»
Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործընթացը միանշանակ քաղաքական հետապնդում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Հիմնական պատճառն այն է, որ առաջիկայում սպասվում են նախագահական ընտրություններ, և այս տեսակետից Հայաստանում քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ընդհանրապես Հայաստանում և՛ ժողովուրդը, և՛ քաղաքական ուժերն իրենց հույսերը կապում են նախագահական ընտրությունների հետ: Պառլամենտական ընտրություններն, իմ կարծիքով, շատ կարևոր են, բայց մեր ժողովուրդն իր հույսերը դեռևս կապում է բարի թագավորի հետ, և ամեն անգամ, երբ նախորդ հիմնական ընդդիմադիր թեկնածուն «չի հաղթում», ժողովուրդը հիասթափվում է և փնտրում նոր հերոս: Եվ եթե մենք այս տեսակետից նայենք քաղաքական իրավիճակին, ապա կարող ենք գնահատել, որ այդ հիմնական հերոսը, ամենայն հավանականությամբ, պետք է լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Թե ով կլինի` չգիտեմ: Եվ այս դեպքում հարվածն ընկավ և՛ ԲՀԿ-ի, և՛ անձամբ Օսկանյանի վրա, քանի որ Օսկանյանը հիմնական քննադատողն է իշխանությունների քաղաքականությունը»,- նշեց Ավետիք Իշխանյանը:
Ըստ նրա՝ եթե ԲՀԿ-ն առաջիկայում հայտարարի, որ նախագահական ընտրությունների ընթացքում պաշտպանելու է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործընթացը կսառեցվի, այսինքն՝ բավական երկար ժամանակով անորոշության մեջ կլինի:
«Վստահություն չկա Հայաստանի իրավապահ մարմինների նկատմամբ, այս գործի և ընդհանրապես որևէ գործի իսկության հանդեպ: Բայց դա դնենք մի կողմ: Հարցն այն է, որ «փողերի լրացումն» ինձ համար ծիծաղելի է թվում, քանի որ դա նշանակում է, որ Հանթսմանը կեղտոտ փողեր է աշխատել, այդ փողերը լվացել է և տվել է Օսկանյանին՝ ծախսելու: Այսինքն՝ այստեղ հիմնական մեղադրանքը պետք է լիներ Հանթսմանի նկատմամբ: Ի վերջո, Ազգային ժողովում մարդիկ կան նստած, որոնց մասին բազմաթիվ հրապարակումներ կան, որ նրանք կոռուպցիայի մեջ են, բայց ոչինչ չի կատարվում: Ձևի համար մի քանի տարի հետո բռնեցին Խաչիկյանին»,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:
Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Վարդան Օսկանյանի դեմ կիրառվում է «փողերի լվացման» մասին հոդվածը, քանի որ այն վարկաբեկիչ հոդված է: Սա նշանակում է, որ նպատակներից մեկն էլ Վարդան Օսկանյանին վարկաբեկելն է: «Եթե նույնիսկ միջնորդագրի մեջ կա իրավական խնդիր, և, հավանաբար, նման խնդիր կա, ապա դրանք հարկերի հետ կապված խնդիրներ են՝ վարչական ոլորտում, բայց՝ ոչ «փողերի լվացում»»,- ասաց Ա. Իշխանյանը:
Ի դեպ, Իշխանյանը վստահ է, որ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը, եթե վստահ լինեն, որ փակ քվեարկությունը չի բացահայտվելու, գուցեև քվերակության արդյունքն այլ լիներ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Աժ-ում ավարտվեց Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի փակ, գաղտնի քվեարկությունը, որին մասնակցել է 71 պատգամավոր: 64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր ձայներով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունն ընդունվեց: