Բաժիններ՝

«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցներն արդեն հայտնի են

«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին, ներկա դրությամբ, շուրջ 120 տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան կազմակերպություններ կմասնակցեն: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

Նրանց տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մասնակից ռուսական ընկերություններից են «Laser ICT»-ը` իր հեռահաղորդակցության անլար կապի միջոցներով, և «Ուրարտու Սիսթեմսը», որի գործունեության հիմնական ուղղվածություններն են՝ փորձերի ավտոմատացումը, վիբրաակուստիկայի չափագրումը: Առաջին անգամ ցուցահանդեսին կմասնակցի նաև իտալական ընկերություն` «ImagingLab»-ը, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի և պատկերների մշակման մեջ: Միջոցառման կարևոր ձեռքբերումներից է նաև Կորեայի Հանրապետության մասնակցությունը, որի տեխնոլոգիական ձեռքբերումները կներկայացնեն Կորեայի ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը, Առևտրաարդյունաբերական պալատը և այլ կազմակերպություններ:

Սինգապուրից այս տարի հանդես կգա «BANSEA» վենչուրային ֆինանսավորման ընկերությունը:

Նշենք, որ ցուցահանդեսի կազմակերպիչների տեղեկացմամբ՝ ավանդույթ է դարձել այլ երկրների տեխնոլոգիական ընկերությունների կողմից հայկական շուկա մուտք գործելը «ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի միջոցով: Ցուցահանդեսի միջոցով հայկական շուկա են մուտք գործել «Նեյշնլ Ինսթրումենթս», «Միցուբիշի Էլեկտրիկ», «Կրոնե», «Սինգապուր թեքնոլոջիս» (ի դեմս «Սինգապուր կինետիքսի»), «ST Kinetics», ACC և այլ ընկերությունները, որոնք աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից են։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Միջոցառումն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը, Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս