
Ալեքսանդր Արզումանյանը ԲՀԿ-ին խնդրում է՝ չշահարկել իր անունը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը քիչ առաջ ԱԺ-ում ունեցած իր ելույթում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մասին խոսելով՝ զուգահեռներ անցկացրեց այս և նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործերի միջև:
Ըստ Վ. Հովհաննիսյանի, նախկին արտգործնախարարների նկատմամբ նման հետապնդումներ իրականացնելով՝ Ադրբեջանին հնարավորություն է տրվում շահարկել այդ փաստը: Վահե Հովհաննիսյանի ելույթից հետո ձայն խնդրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և հիշեցրեց, որ երեք անգամ քաղաքական դրդապատճառներով ենթարկվել է քրեական հետապնդման` 1988, 2007 և 2008 թվականներին: Պրն Արզումանյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանը» ողջ այդ ընթացքում հերքել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը: Ուստի Ալեքսանդր Արզումանյանը խնդրեց զերծ մնալ իր անունն այս գործի հետ կապված շահարկելուց: «Ես իմ իրավունքները պաշտպանելու ձևը գիտեմ և կպայքարեմ, քանի դեռ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը ներողություն չեն խնդրել»,- հայտարարեց Ա. Արզումանյանը: