ԲՀԿ-ն չի բացառում ԱԺ աշխատանքները բոյկոտելու հնարավորությունը

Քիչ առաջ Ազգային ժողովում սկսվեցին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի վերաբերյալ պատգամավորների ելույթները: Առաջին ելույթը ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «ԲՀԿ-ի հետ որևէ մեկը չի կարող խոսել քաղաքական պատվերի ու քաղաքական հաշվեհարդարների լեզվով»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանն` ավելացնելով, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջիկայում կարող է քննարկել ԱԺ աշխատանքներին իր  հետագա մասնակցության հարցը: Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները չեն մասնակցելու Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը և ելույթներից հետո կլքի ԱԺ Նիստերի դահլիճը և խորհրդարանի շենքը:

Միևնույն ժամանակ, նա տեղեկացրեց, թե դա չի նշանակում, որ Գլխավոր դատախազի միջնորդության քվեարկության ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորներ չեն լինելու տարածքում և չեն հսկելու քվեարկության ընթացքը: Ըստ նրա, «Կենտրոն» հեռուստաընկերության տեսախցիկները արձանագրելու են քվեարկության ողջ ընթացքը, ուստի Զոհրաբյանը հորդորեց որևէ կեղծիքի չդիմել: «Այն պատգամավորները, որոնք դեմ են, ուղղակի հորդորում եմ չմասնակցել քվեարկությանը: Մասնակցելով այս քվեարկությանը՝  ուղղակիորեն կլեգիտիմացնենք այս ֆարսը: Այս կերպ մենք մեր միաձայն անհամաձայնությունը կհայտնենք Հայաստանում քաղաքական հաշվեհարդարներին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս