ԵԽ ԽՎ նախագահը ցնցված է, բայց և դեմ է պատժամիջոցներին

Եվրոպայի խորհրդարանական խորհրդի վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոն այսօր հայտարարել է, որ ԵԽ-ն, Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված, Ադրբեջանի դեմ ոչ մի պատժամիջոց կիրառելու մտադրություն չունի: Ըստ նրա «լսումների արդյունքներով չկա անհրաժեշտություն որևէ հայտարարություն կամ որոշում ընդունելու, ինչպես նաև դադարեցնելու ադրբեջանական պատվիրակության իրավասությունները»: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Նա նշել է, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և նրա ներումը իրեն ցնցել է, սակայն իրենք չեն ցանկանում կրակին յուղ ավելացնել: «Մեր նպատակն է երկու կողմերի միջև հաստատել նորմալ հարաբերություններ»,- ասել է Մինյոնը:

ԵԽԽՎ-ի նախագահը ասել է, որ Ռամիլ Սաֆարովի հարցի ընդգրկումը նստաշրջանի այսօրվա օրակարգ, պարզապես ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով է:

Ըստ ադրբեջանական «contact.az» կայքի Մինյոնը դեմ է արտահայտվել Ղարաբաղի հարցով զբաղվող ենթակոմիտեի գործունեությունը վերականգնելուն, գտնելով, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի արտոնությունն է:

Մինյոնը նշել է, որ իրենք ԵԽ շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների միջև երկխոսության կողմնակից են և, որ ինքը հանդիպումներ է ունենում երկու պատվիրակությունների հետ և կողմ է նորմալ երկխոսություն ձևավորելուն:

Հիշեցնենք, որ այս հարցը Ստրասբուրգում կքննարկվի հինգշաբթի՝ օրվա վերջին:

Միևնույն ժամանակ նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանում ձևավորվել է նոր հանձնաժողով՝ Ռամիլ Սաֆարովի հարցում միջազգային կառույցներին ու օտար երկրների խորհրդարաններին Ադրբեջանի խորհրդարանի դիրքորոշումը հասցնելու համար:

«Վերջին շրջանում փորձեր են ձեռնարկվում ճնշումներ գործադրել Սաֆարովի գործով, իսկ այս հանձնաժողովի ստեղծումը շատ կարևոր է այդ փորձերի ձեռնարկումն ու կանխակալ փաստաթղթերի ընդունումը կանխելու տեսանկյունից: Հայամետ ուժերը, օգտվելով այս առիթից, ցանկանում են ճնշումներ բանեցնել Ադրբեջանի վրա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն օրակարգից դուրս մղելու համար», այս հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովը:

Տեսանյութեր

Լրահոս