«10 տարվա արտգործնախարարին բերել եք էստեղ, էսպիսի հարցադրումնե՞ր եք անում»

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ԱԺ նիստում ներկայացրեց այն փաստարկները, որոնք վկայում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից իրեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդագրի անհիմն լինելը:

«Փողը կա, բողոքը չկա: Ի՞նչ անեմ: Ես կարծում եմ` սա փոթորիկ է ոչ թե ինչ-որ մի փոքրիկ բաժակի մեջ, սա նույնիսկ փոթորիկ չէ մատնոցի մեջ: Իսկապես, ես նստած լսում եմ, մտածում եմ` մենք մեր երկրի խնդիրները թողած, էս հարցերով պիտի զբաղվե՞նք: Իսկապես, սրա՞նք են մեր խնդիրները: 10 տարվա արտգործնախարարին բերել եք էստեղ, էսպիսի հարցադրումնե՞ր եք անում»,- ասաց Վ. Օսկանյանը` նշելով, որ, կարծես, տեղի է ունեցել վերադարձ դեպի 1937թ.:

«Քանի որ այսօր խոսքը փողերի լվացման մասին է, ես մի փոքր կպատմեմ իմ ընտանիքի մասին, որպեսզի առավել պարզ լինի, որ ներկայացված մեղադրանքները չեն կարող որևէ կապ ունենալ իմ անցած ճանապարհի հետ»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը, ով այնուհետ ներկայացրեց իր ընտանիքի պատմությունը` ասելով, որ ծնվել-մեծացել է Հալեպում, ապա 1973թ. եկել է Հայաստան՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Ըստ նրա` իր նախահայրերը դեռևս Մարաշից զբաղվել են ոսկերչությամբ և ադամանդագործությամբ:

Նրա խոսքով` 1991թ. նա իր կնոջ և փոքրիկ երեխաների հետ հաստատվել է Հայաստանում, և առաջին իսկ օրվանից իր ընտանեկան ապրուստն ապահովել է իր ընտանեկան միջոցներով: «Հայաստան գալու առաջին օրվանից մինչև այսօր ես չեմ ունեցել և չեմ ցանկացել ունենալ որևէ բիզնես: Իմ աչքը կուշտ է: 2008թ. երբ թողեցի նախարարի պաշտոնը, մեծ հույս ունեի Հայաստանի ապագայի նկատմամբ և դեռ ունեմ, իհարկե, և մեր ընտանիքից իմ չափաբաժին հասցված միջոցները սկսեցի տեղափոխել Հայաստան: Այդ գումարները` 410, մյուս 370 հազար դոլարը, իմ  վաստակած, մեր ընտանիքի վաստակած փողերն են, որ ես տեղափոխել եմ Հայաստան»,- նկատեց Վ. Օսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս