Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի. Սերժ Թանգյան
ՀՀ ԱԳ նախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական հետապնդման առթիվ հայտարարություն է տարածել Սերժ Թանգյանը: Այն ներկայացված է ստորև:
«Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի:
2011թ. սկզբին Ջոն Հանթսմանի հիմնադրամը «Սիվիլիթասի» միջոցով գումար էր տրամադրել Օսկանյանին: Մինչդեռ պարոն Օսկանյանի դեմ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ նա 2012թ. քաղաքականություն վերադարձավ:
«Սիվիլիթաս» հասարակական կազմակերպությունը, որ հիմնադրել է պարոն Օսկանյանը, հրաշալի աշխատանք է կատարել Հայաստանում, իսկ երկրից դուրս՝ դիվանագիտական գործ Հայաստանի համար:
Այն չափազանց կարևոր է զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրի համար, որը պետք է վերջ դնի մամուլի, տնտեսության և պետական կառույցների նկատմամբ մենաշնորհին: Չափազանց կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ արտահայտել իրենց նախապատվություններն ու բողոքները՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դիտարկմամբ:
Հարյուրամյակներ շարունակ մենք եղել ենք այս կամ այն օտար երկրի լծի տակ: Եվ չնայած որպես պետություն մենք ունենք հավատարիմներ ու դաշնակիցներ և որպես ազգ՝ աջակցության կարիք, սակայն մեր ժողովրդավարությունն ու տնտեսությունը չպետք է զոհաբերվեն Արևմուտքից (գլխավորապես՝ ԱՄՆ-ից) կամ Ռուսաստանից եկող ազդեցություններին:
Մենք պետք է միահամուռ հաղթահարենք խորհրդային շրջանից ժառանգած տնտեսությունն ու քաղաքականությունը վերահսկելու անհեռատես այս քաղաքականությունը և մեր քաղաքացիներին ընձեռենք դարերի ընթացքում վաստակած կամաարտահայտության ազատությունը»:
Civinet