ԲՀԿ-ն պաշտպանելով կհանձնի՞ Օսկանյանին

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարության ընդունումն առայժմ պարուրված է որոշակի խորհրդավորությամբ: Խոսքը վերաբերում է ոչ թե հայտարարության բովանդակությանը, այլ ընդունման ու հրապարակման ժամանակագրությանը:

Ուրբաթ օրը Կոնյակի գործարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության հետ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո ԲՀԿ-ականները, այդ թվում՝ Վարդան Օսկանյանը կատարվածի վերաբերյալ ընդամենը մեկ մեկնաբանություն ներկայացրեցին` ամեն ինչ, այդ թվում` ԲՀԿ-ի դիրքորոշումը հայտնի կլինի երկուշաբթի օրը: Դրանից ընդամենը 2-3 ժամ անց, սակայն, հրապարակվեց ԲՀԿ-ի հայտարարությունը, որում կատարվածը որակվեց՝ որպես քաղաքական հետապնդում ոչ միայն՝ Վարդան Օսկանյանի, այլ նաև՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: ԲՀԿ-ականներից որևէ մեկը դեռևս չի պարզաբանել, թե ինչով էր պայմանավորված «խոսքի ու գործի» այդ տարբերությունը: Թեև հազիվ թե  դրա վերաբերյալ կարող է ներկայացվել պարզաբանում, որը կարտահայտի իրականությունը:

168.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ին հայտարարվածից շուտ ստիպել կամ հորդորել է դիրքորոշում արտահայտել Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նույն աղբյուրների, այդ հավաքից հետո ԲՀԿ-ի սպասողականությունը` մինչև երկուշաբթի օրը ժամանակ ձգելու մասով, պայմանավորված է եղել հենց Քոչարյանի վերջնական տեսակետը ճշտելու անհրաժեշտությամբ:

Սակայն Քոչարյանը սպասեցնել չի տվել, ու ժամերի ընթացքում որոշում է կայացվել հրապարակել ԲՀԿ-ի համար աննախադեպ «կոշտ» հայտարարությունը:  Ընդհանրապես, այն, ինչ կատարվում է այսօր ԲՀԿ-ի հետ, ուղղակի կամ անուղղակի կապվում է Քոչարյանի անվան, առաջիկա նախագահական ընտրություններում նրա հնարավոր մասնակցության հետ:

Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազի միջորդությունից հետո հնչած առաջին գնահատականները ևս կապված էին Քոչարյանի անվան հետ: Շատերը դա որակում էին ու են՝ որպես Օսկանյանի միջոցով իշխանությունների կողմից Ռոբերտ Քոչարյանին ինչ-որ բան հասկացնելու փորձ, ակնարկ, և այլն, և այդպես շարունակ: Այդ իմաստով, ԲՀԿ-ի` նախատեսվածից շուտ հայտարարություն անելու փաստը  որոշակիորեն վկայում է այն մասին, որ Քոչարյանն իրեն համարում է Օսկանյանի դեմ ճնշումների հասցեատերը:

Բայց, դրանով հանդերձ, արձանագրվում է երկրորդ իրողությունը` Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քայլի հասցեատերը ԲՀԿ-ն չէ: ԲՀԿ-ում` Վարդան Օսկանյանի յուրային չլինելու մասին խոսվում է նրա` կուսակցությանն անդամակցելու օրվանից սկսած:

ԲՀԿ-ականներն իրենք` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ոչ միայն հակառակը համոզելու քայլեր չեն արել, այլ խորացրել են այդ տպավորությունը` Օսկանյանի տարբեր քննադատությունների առթիվ հայտարարելով, որ դա նախկին արտգործնախարարի անձնական տեսակետն է: Բնականաբար, նույնկերպ ԲՀԿ-ն չէր կարող վարվել նաև այս վերջին` Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ կապված: Դիրքորոշում չարտահայտելը կընկալվեր՝ որպես Օսկանյանին «առանց պայքարի հանձնելու դավադիր քայլ»: Բայց ԲՀԿ-ի հայտարարությունը դեռևս չի վկայում, որ Օսկանյանն այլևս համարվում է կուսակցության մասը, և նրա անձնական ու կուսակցական կարծիքներն արդեն ամբողջությամբ համընկնում են:

ԲՀԿ-ի հայտարարությունը ոչ այնքան՝ Վարդան Օսկանյանին պաշտպանելու, որքան կուսակցության հեղինակությունը փրկելու խնդիր էր լուծում: Այդ հայտարարությունների ոգով ԲՀԿ-ն Օսկանյանին կպաշտպանի նաև վաղվա խորհրդարանական քննարկման ժամանակ և, բնականաբար, միահամուռ կերպով դեմ կքվեարկի նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը:

Հասկանալի է, սակայն, որ եթե իշխանությունը որոշել է Օսկանյանին զրկել անձեռնմխելիությունից, ապա անելու է դա ոչ միայն ԲՀԿ-ի, այլ նաև մնացած բոլոր ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորների «դեմ» քվեարկելու պարագայում: Իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելով՝ իշխանությունը ԲՀԿ-ին հնարավորություն է տալիս նաև «մաքուր մնալով»՝ տարանջատվել Օսկանյանից ու այդպիսով՝ նաև Ռոբերտ Քոչարյանից:

ԲՀԿ-ն, իհարկե, և՛ խորհրդարանում, և՛ դրանից դուրս, մինչև վերջին շունչը կպաշտպանի Վարդան Օսկանյանին, սակայն վերջնական արդյունքը կլինի այն, որ կուսակցությունը մեծ չափով կտարանջատվի նրանից: Ամիսներ շարունակ քաղաքական դաշտում խոսում են այն մասին, որ Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելուց հետո Գագիկ Ծառուկյանը սեփական կուսակցությունում դիսկոմֆորտ է զգում և կորցրել է ամբողջական վերահսկողությունն իր թիմի նկատմամբ: Այս տեսանկյունից՝ Վարդան Օսկանյանի դեմ իշխանությունների գործողությունները, փաստորեն, ծառայում են նաև Ծառուկյանի այդ խնդրի լուծմանը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս